Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։
Սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու շրջանի։
Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։
Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։
1. Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։
2. Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես) որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։
3. Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :
4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։
Օգտվել եմ Վիքիպեդիա կայքից: