Հայ-թուրքական պատերազմ

Թուրք-հայկական պատերազմը

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն

Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։

Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ Նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։

Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։

Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ և այլն։

Երևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

1920թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում միայն հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ։ Ռուսական կողմից բանակցությունները վարում էր Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը։

Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Իր հերթին Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից։

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից, և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել։

Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց։ Խորհրդային կառավարությունը Բ. Լեգրանի միջոցով պահանջեց Հայաստանի խորհրդայնացում։ Մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն։

1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) Սարգիս Կասյանի (1876–1937) նախագահությամբ և կարմիրբանակայինների ուղեկցությամբ Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) և հայտարարություն արեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։

Ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում 1920թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը որոշեց ընդունել «կարմիրների» առաջարկը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Երևանում, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)։ Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում։ Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ Հայաստանի հեղկոմի ձեռքը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ։ Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը։

Աղբյուրը http://findarmenia.org/arm/history/27/586/587

Օգտակար հղումներ

https://www.azg.am/AM/2020101615

https://www.civilnet.am/news/2019/01/25/%D5%8A%D5%B8%D5%AC%D5%BD%D5%AB-%D6%87-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%BD%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8-1920-%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D6%85%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6/353200

https://republic.mediamax.am/story/119/

Հունվարի 11-ին Մոսկվայում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ 

«Հատուկ ուշադրություն է դարձվելու աջակցության ցուցաբերմանը այն շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողությունների արդյունքում, քննարկվելու է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ու զարգացումը։

Բացի այդ, նախատեսված են Պուտինի առանձնազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»։

***

Վերջին օրերին  մամուլում և սոցցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ արդարադատության նախարարությունն ստացել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում ստորագրվելիք պայմանագրի նախնական տարբերակը: Այս առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ գերատեսչությունը «որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»։ 
 
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»,- նշել է Բադասյանը:

Սան-Ստեֆանոյի պայմանագիր

Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում:Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝  թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթում։ Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։  Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի`    Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն՝  Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։ 

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։
2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին։
3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։
4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։
5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

  1. Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։
  2. 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ Ռուսական կայսրությանն էր անցնում Ախլցխան և Ախալքալաքը:Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային:
  3. Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին:Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

Առցանց ուսուցում: Հայոց պատմություն: Թուրքմենչայի պայմանագիր

  1. Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։
  2. Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի:
  3. Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան պայմանագրի կնքման գործում։
  4. Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեի։
  5. Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։
  1. Թուրքմենչայի Պայմանագիրը 1828  ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։
  2. Այս պայմանագիրը հսկայական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար, քանի որ յոթ դարերի ընթացքում կրոնական օտար միջավայրում գտնվելուց հետո, հայերը հնարավորություն ստացան նորից ապրել և արարել իրենց պատմական տարածքներում` մոտ լինելով քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհի շրջանակներին: Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում:
  3. Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։
  4. Պայմանագրի 4րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է  Երևանը  և այսօր  Ադրբեջանի մասկազմող՝  Նախիջևանը, Թալիշը , Օրդուբադը և Արրան նահանգի  Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել  Գյուլիստանի  պայմանագիր  ընթացքում։ Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսականպայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։

Հեռավար ուսուցում: Հայոց պատմություն

  1. Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։
  2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
  3. Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։
  4. Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
  1. Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին:
  2. Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։

Բուխարեստի պայմանագիր

  1. Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։
  2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
  3. Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։
  4. Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
  5. Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
  1. Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում:
  2. Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը:
  3. Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները:

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և  իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն  կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

Արցախ 1988-1992թթ․

Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»1 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: Սկսվեց արցախցիների ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա. սկիզբ առան ժողովրդական շարժումներ, իշխանությունը կուսակցական մարմիններից անցավ պատգամավորների խորհուրդներին, ուժեղացավ միութենական հանրապետությունների դերը:

1987 թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ:

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ2, այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը:

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին3 առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով4:

ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ քայլը խափանում էր լիիրավ երկխոսության հնարավորությունները: Որպես ելք ստեղծվեց Ազգային խորհուրդ՝ 1918-1920 թթ. Ղարաբաղում գոյություն ունեցած Ազգային խորհրդի օրինակով:

1989 թ. օգոստոսի 16-ին ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Կուսակցական կոմիտեների բոլոր պլենումները և Պատգամավորների խորհուրդների նստաշրջանները որոշում ընդունեցին ճանաչել ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որպես Արցախի տարածքում իշխանության բարձրագույն մարմին և նրան պատվիրակել պաշտոնական կառույցների ղեկավարման իրավունքը:

Սակայն խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ձեռքբերման գործընթացի մեկնարկից հետո ղարաբաղյան հարցին լուծում գտնելու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների համեստ փորձերը՝ ելնելով կողմերի շահերի հավասարակշռությունից, փոխարինվեցին Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու միանշանակ դիրքորոշմամբ:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն5։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձևեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով: Այս տրամադրություններն արտացոլվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մեջ:

1990 թ. հունվարի 15-ին, մինչ Բաքվում տեղի էր ունենում քաղաքի հայ բնակչության սպանդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը ԼՂԻՄ-ում հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության մտցնելը իրականում նպաստում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ ռեպրեսիվ միջոցների ձեռնարկմանը և ուղղված էր հայկական կողմի ինչպես իշխանական կառույցների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեմ: Հանրապետական կազմկոմիտեի գործունեությունը միտված էր բռնության և ահաբեկչության շարունակական ուժգնացմանը: 1990 թ. մարտից մինչև դեկտեմբեր տեղի է ունենում ռեժիմի խստացում և պատժիչ գործողությունների ընդլայնում, որոնք հատկապես դաժան բնույթ են ստանում՝ ուղեկցվելով քաղաքացիական անձանց սպանություններով:

1990 թ. դեկտեմբերից 1991 թ. ապրիլը ամենուր իրականացվում էր ահաբեկություն, և կեցության անտանելի պայմանների (մշտական բռնություններ, ձերբակալություններ, ցանքսերի ոչնչացում, կենսաապահովման օբյեկտների ոչնչացում) ստեղծման միջոցով հայ բնակչության դուրս մղում: 1991 թ. ապրիլից օգոստոս սկսվում են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նրա արտաքսումը6։

Օգոստոսյան պուտչի7 ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր իրավիճակ է ձևավորվում: Հանրապետական կազմկոմիտեն Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ շտապ լքում է Ստեփանակերտը8: Քաղաքի զինվորական պարետությունը գերադասեց չեզոքություն պահպանել: Վերականգնվեց ԼՂԻՄ Պատգամավորների խորհրդի գործունեությունը: Դրանով իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ում զրկվեց ինչպես կառավարման մարմիններից, այնպես էլ պատժիչ գործողությունների մեխանիզմներից: Իսկ առանց Խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի աջակցության Ադրբեջանը ստիպված էր սառեցնել ՕՄՕՆ-ի և Ադրբեջանի Ազգային ճակատի ռազմական ջոկատների գործողությունները, որոնք ամրացան բացառապես ադրբեջանաբնակ բնակավայրերում9:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը:

1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»10:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:

Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով11:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը12:

1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն13 ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:

1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21

Verelq News | Արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ հունիսի  13-ը

Անկախ Հայաստանը 29 տարեկան է։

1991թ․ սեպտեմբերի 21-ին, երկրի չափահաս բնակչության 95 %-ի մասնակցության պարագայում քվեարկողների 99․5 %-ը

Ինչպես էր ծնվում անկախությունը: Բացառիկ ֆոտոշարք

այս հարցին պատասխանեց

Ռետրո մամուլ. ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին (ֆոտո)

Երկու օր անց՝ սեպտմեբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն․ այդպես ծնվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1․ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2․ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

3․ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4․ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5․Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմականա բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։

6․ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտմ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

7․ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրո ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։

8․ Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9․ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն․ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։

10․ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11․ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

12․ Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1․ Ծանոթանալ Հռչակագրի կետերին

2․ Ընտանիքի անդամներից մեկից կամ շրջապատում ՀԽՍՀ տարիներին ծնված ՀՀ քաղաքացու հետ հարցազրույց անցկացնել՝ շեշտը դնելով ԽՍՀՄ փլուզման և անկախ Հայաստանում ապրելու անցման, տարբերությունների վրա։

3․ Ամփոփել կարծիքը՝ պատասխանելովվերևում նշված հարցաթերթիկի հարցին և հիմնավորելով քո պատասխանը։

4․ Գրել քո բլոգում հարցազրույցը, քո եզրափակիչ խոսքը և հղումը ուղարկել պատասխան նամակով ինձ։

Design a site like this with WordPress.com
Get started