Բանակը
Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:
Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր[27]: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։
Հայոց զինված ուժերում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:
Տնտեսություն
Մարկո Պոլոյի և իր եղբոր ժամանումն Այաս 1271 թվականին, ստեղծվել է 1410-1412 թթ.
Կիլիկյան Հայաստանը գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը:
Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։
Այաս, Տարսոն, Ադանա և Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին: Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը[24]: Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.
Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում: Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք: Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ: Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ:— [37] |
Արդեն Թորոս իշխանի օրոք Կիլիկիան հատում էր դրամ։ Ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք կոչվում էին դրամ և թագվորին, հատվում էին Սիս և Տարսոն քաղաքում՝ թագավորի կողմից։ Շատ արտասահմանյան դրամներ նույնպես գտնվում էին շրջանառության մեջ, օրինակ իտալական դուկատ, ֆլորին, և զեչինո, բյուզանդական բեսանտ, արաբական դիրհամ, և ֆրանսիական լիվր դրամները:
Կիլիկիայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դաշտային Կիլիկիայում աճեցվում էին նարինջ, նուռ, խնձոր, խաղող և այլն։