Design a site like this with WordPress.com
Get started

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները

Աքեմենյան տերությունը, չնայած արտաքին փայլին, նման էր կավե ոտքերով հսկայի: Գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները, և տերության տարբեր մասերում հանդես եկան գործնականում անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայաստանում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները: Եվ մինչ օրեցօր թուլանում էր Աքեմենյան տերությունը, Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր Մակեդոնիայի ոչ մեծ թագավորությունը: Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը: Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մեծը Ք.ա. 334 թ. իր բանակով անցավ սևծովյան նեղուցները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները: Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին Ք.ա. 333 թ. Իսոսի ճակատամարտում: Սակայն պարսից արքունիքն անկարող եղավ հետագա երկու տարիներին ուժեղացնել երկրի պաշտպանությունը: Եվ երբ Ք.ա. 331 թվին հունա-մակեդոնական և պարսկական բանակները ճակատամարտ տվեցին Գավգամելայում, Ալեքսանդր Մակեդոնացին պարզապես ջախջախեց Դարեհ Գ-ի կողմից ղեկավարվող պարսկական բանակը: Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին, և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով:

Ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորաբանակները: Մեծ Հայքի զորքերը գլխավորում էր Երվանդ սատրապը:

Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայաստան չմտան և շարունակեցին իրենց ռազմերթը դեպի Միջին Ասիա և այնուհետև՝ Հնդկաստան, որոնց նվաճումը մեծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար: Հատկապես մեծ փորձություն էր նրանց համար մարտական փղերի դեմ պայքարելը: Արշավանքն ստիպված եղան դադարեցնել: Սակայն դրա արդյունքում նվաճվեց Աքեմենյան տերությունը, և ստեղծվեց մի նոր ու տարածքով նրան չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն: Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ Բաբելոն քաղաքը:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները լոկ ռազմական երևույթ չէին: Նրանք հեղաշրջիչ ազդեցություն ունեցան քաղաքական, տնտեսական և հասարակական հարաբերությունների վրա: Արևելքի երկրներում լայնորեն տարածվեց հունարենը, որը վերածվեց իշխող խավերի խոսակցական լեզվի: Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով Առաջավոր Ասիայում սկսվեց մի նոր՝ հելլենիզմի (հունականության) դարաշրջանը:

Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չի արշավել, իսկ նրա ուղարկած բանակները ջախջախվել են հայերի կողմից: Մինչ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը կռվում էին Արևելքում, Հայաստանի երկու մասերը՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում Գավգամելայի ճակատամարտի մասնակից Երվանդը, որով Երվանդական արքայատոհմը վերականգնում է իր լիակատար իշխանությունը: Փոքր Հայքում ևս թագավորական իշխանությունն անցնում է Երվանդական արքայատոհմին:

Մենուա[Քա810786թթ]

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ միասնական տերության մեջ Հայկական լեռնաշխարհի համախմբման բուռն ընթացքը պայմանավորված էր նրա հիմնական բնակչության հայկական էթնիկ ընդհանրությամբ և ընդհանուր թշնամուն՝ Ասորեստանին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությամբ: Ստեղծվում է Վանի թագավորությունը, որն ասուրերեն արձանագրություններում կոչվում է Նաիրի և Ուրարտու, տեղական սեպագիր աղբյուրներում՝ Բիայնիլի (կապված Վանի անվան հետ), իսկ Աստվածաշնչում՝ Արարատ:

Բարեփոխումները
  Վանի հայկական թագավորության հզորության և տարածաշրջանային գերտերություն դառնալու գործում կարևոր դեր են խաղում Իշպուինի թագավորի (Ք.ա. մոտ 825-810թթ.) օրոք սկսված և Մենուաի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ կանգնեցրած արձանագրություններից: Մասնավորապես. եթե գրային բարեփոխումը՝ տեղական սեպագրի ստեղծումը տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը՝ ողջ տերության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում, դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը <<Մհերի դուռ>> կոչվող ժայռի վրա, կատարվել է երկուսի անունով: Ամենայն հավանականությամբ, նույնպիսի հեղինակցություն է գործել ռազմական ոլորտում անցկացված բարեփոխումների ընթացքում, որոնցում կարևորվում է նախկին դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր, ըստ զորատեսակների բաժանված զինված ուժերով: Դրա վկայությունն են արձանագրություններում գործածվող տերմինները. դաշնային բանակն արտահայտող <<երկրների (զինված) մարդիկ>>, <<աշխարհազոր>> գաղափարագրերը փոխարինվում են արհեստավարժ զինվորականությունն արտահայտող տերմինով: Իրականացվում են նաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ; 

Տեղեկանք. Վանի տիրակալները մարզական մրցույթները (հնարավոր է՝ նաև զորավարժանքները) վերածել էին համաժողովրդական տոնախմբությունների: Նրանք ոչ միայն կազմակերպել են նման միջոցառումներ, այլև կարգադրել են քարագիր արձանագրություններով <<անմահացնել>> դրանցում գրանցված բացառիկ նվաճումները: Նման գրանցում է Մենուա արքայի ձիու ցատկի մասին բնագիրը, որն իրավամբ համարվում է համաշխարհային ռեկորդի գրանցում:
   <<Խալդյան զորությամբ Մենուա Իշպուինորդին ասում է. – Հենց այստեղից նժույգը՝ Արծիբի անուն(ով), Մենուաի տակ ցատկեց քսաներկու կանգուն :

Մենուայի նժույգի անունը ՝ Արծիբի, հայերեն  <<արծիվ>> բառն է (սեպագիրը չուներ <<Վ>> հնչյունը, ինչի հետևանքով այն փոխանցվում էր <<Բ>>-ով): <<Կանգուն>> երկարության չափը հավասար է 51.8 սմ, այսինքն՝ Մենուայի նժույգը ցատկել է 11 մ 39 սմ: Ձիասպորտում նժույգի ցատկի համաշխարհային ռեկորդը՝ սահմանված մինչև 1914 թ., 11 մ 28 սմ է եղել: Մենուայի Արծիբի ձիու ռեկորդը գերազանցվել է միայն 1975 թ.: 2800 տարի անգերազանցելի մնալով՝ Մենուայի ցուցանիշը համաշխարհային պատմության մեջ ամենաերկար պահպանված ռեկորդն է: 
    Ուշագրավ է, որ արձանագրությունը հայտնաբերվել է Վանի քարաժայռտերի և Վարագա լեռների միջև գտնվող հարթավայրում, որը դարեր շարունակ ձիարշավարան է եղել հայկական բանակի համար: 
    Սա իր տեսակի մեջ եզակի տեղեկություն չէ: Նման ուշագրավ արձանագրություն էլ պահպանվել է Ք.ա. 8-րդ դարի  վերջին և 7-րդ դարի սկզբին իշխած Արգիշթի Բ-ից , որը պատմում է մարզական նետաձգության ժամանակ ունեցած 492 մ (<<950 կանգուն>>) արդյունքի մասին: 
   <<Արգիշթի Ռուսայորդին նետը վերագցեց հենց այս տեղից՝ Գիլուրա (գյուղի) անտառի առջև(ից), մինչև Իշպիլի Բատուորդու այգին՝ ինն հարյուր հիսուն կանգուն>>: 

Արշավանքների նախապատրաստումը
  Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք.ա. մոտ 810-786թթ.) Վանի թագավորությունը հասնում է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է շուրջ 70 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս:
    Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմական շինարարությանը. երկրի ռազմավարական ուղղություններում ամրոցաշինական մեծ ցանց է ստեղծվում: Հյուսիս-արևելյան Մեծ Արարատ (Մասիս) լեռան ստորոտում, Արաքսի աջ կողմում նա իր անվամբ կառուցում է Մենուախինիլի քաղաքը՝ դարձնելով այն պետության հյուսիսային գլխավոր հենարանը: Հիմնվում են մի քանի ամրոցներ նաև հյուսիսում: Արածանիի ափին հիմնադրվում է Ներքին Խնձորի (Քայալը-դերե)  հզոր ամրոցը: Դրանով հսկողության տակ են վերցվում կարևոր ճանապարհներ, այդ թվում նաև Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղու զգալի մի հատված: Տասնյակ ամրոցներ են կառուցվում նաև պետության կենտրոնական շրջաններում: Այս շարքում Մենուայի շինարարական գործունեության գլուխգործոցներից է Վերին Անձավի նշանավոր բերդաքաղաքը, որը հսկում էր Տուշպա մայրաքաղաքի մատույցները հյուսիս-արևելքից: Ուրիմիո լճի ափերին հիմնվում են Կալաթգահի խոշոր ամրոցը և բազմաթիվ այլ ամրոցներ՝ ձևավորելով ռազմական հենակետի մի հզոր շղթա:

Արշավանքները
   Մենուայի առաջին արշավանքները միտված էին ամրապնդելու Վանի կենտրոնական իշխանությունը հայկական լեռնաշխարհի երկրամասերում: Նրա առաջին քայլերից մեկն է լինում Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատվածում՝ Էրիկուախիրում ամրապնդվելը, որը մտնում էր Էթունյան համադաշմնության մեջ:

Վերջինս միավորում էր Արարատյան դաշտը, Սևանա լճի ավազանը  և դեպի արևմուտք, մինչև Տայք ընկած շրջանները: Համապետական խնդիրներից էլնելով՝ Մենուան Էրիկուախիից  հետո հարկատու է դարձնում Էթիունին (հիմնվում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին) և պետության հյուսիս-արևմուտքում՝ Դիաուխի-Դայաենին (Տայք) Շաշիլու  կենտրոնական քաղաքով: Դիաուխիի արքան ներկայանում է Մենուային՝ մատուցելով հարուստ ընծաներ և պարտավորվելով վճարել հարկեր ու մասնակցել նրա արշավանքներին հեծյալ և հետևակ զորքով: Սրանով հայկական պարից մինչև Ներքին Տավրոսի արևելյան հատվածը՝ Այծպտկունքի լեռնաշղթայով հանդերձ, վերցվում է հսկողության տակ: Ապահովվում է պետության ներքին հարթավայրային շրջանների անվտանգությունը: Առավել դյուրամատչելի հատվածներում, հատկապես Բասենի դաշտում, կառուցվում են ամրոցներ:
    Հյուսիսում թիկունքն ամրապնդելուց հետո Մենուան աշխուժացնում է արտաքին քաղաքականությունը հարավային ուղղություններով: Հարավ-արևմտյան ուղղությամբ Մենուայի ձեռնարկած ռազմական արշավանքներն արգասաբեր էին: Նրա բանակը, հատելով Հայկական Տավրոսը, հաղթարշավով հասնում է մինչև Կումենու և Ասորեստան: Մեկ այլ արշավանք էլ իրականացվում է դեպի Ալզիի (հետագա Մեծ Հայքի Ազձնիք նահանգի տարածքում) ուղղությամբ և այդ հայկական երկրամասով հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածի լեռնանցքները: Մենուան այդպիսով ընդլայնում է կենտրոնացված պետության սահմաններն ընդուպ մինչև Արածանիի հետ Մեղրագետի միախառման շրջան՝ ընգրկելով ողջ Մշո դաշտը, որտեղից հայտնի են նրա մի քանի արձանագրություններ:
    Արևմտյան ուղղությամբ Ծուփանին (համապատասխանում է Մեծ Հայքի Ծոփքին) և այլ տարածքներ Մենուան միավորում է (իր կողմից նշանակաված կառավարչի ընդհանուր վերահսկողության ներքո) Արարատյան կենտրոնական պետությանը և իր բանակը դուրս բերում Արևմտյան Եփրատի բնագիծ՝ սպառնալով անդրեփրատյան տիրապետություններին, որոնք ավանդույթի ուժով կոչվում էին <<խեթական>>: Դրանցից Մելիտեայի (Մալաթիա) արքան խուսափում է առճակատումից՝ պարտավորվելով Մենուային վճարել է հարկեր: Նվաճված միավորներից Շեբեթերիան կցվում է բիայնական պետությանը՝ կենտրոնական իշխանության նշանակած կառավարչի ընդհանուր վերահսկողության ներքո:
Դեռևս Մենուայի կառավարման առաջին տարիներին՝ Ք.ա. 810-809թթ.  Վանի թագավորության բանակն արշավանք էր ձեռնարկել Մանա երկրի դեմ: Հիմնական գործողություններն այդ ուղղությամբ ծավալվում են հետագայում՝  պետության դիրքրերն արևմուտքում ամրապնդելուց հետո:
    Մերձուրմյան ավազանում Մենուայի առաջին ձեռքբերումը, մի կողմից՝ Ուրմիայի հարավափնյա շրջանների նվաճումն էր Մանայի թագավորությունից Ք.ա. 803-2թթ.  հետո: Բիայնական բանակը շարունակում է արշավանքը՝ նվաճելով նաև Մեյշթա (Մեսսի) քաղաքը:
    Այսպիսով,  Ք.ա. 800թ. սահմաններում մերձուրմյան ավազանում ձեռք են բերվում ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցող տարածքներ:
    Մանայի թագավորությունն ընդունում է Մենուայի գերիշխանությունը:
    Վանի բանակը շարունակում է հաղթարշավը Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում՝ հասնելով մինչև Դիալա գետի ավազան (Շաթիրա և Բուշտու):
    Այս նոր արշավանքներով Մենուան վերահսկողության տակ է վերցնում զագրոսյան առևտրական ուղիների զգալի մասը՝ նպատակ ունենալով կտրել Ասորեստանին Իրանական բարձրավանդակի կամ նրա միջնորդությամբ ստացող հումքի աղբյուրներից:
    Ասորեստանի փորձերը՝ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք.ա. 791 թ., ավարտվում են անհաջողությամբ:
    Մենուան իր նոր արշավանքով վերջնականապես հաստատում է Վանի թագավորության իշխանությունը  Ալզի-Աղձնիքում՝ Կուտումե (Կոտոմ՝ Վանա լճի հարավ-արևմտյան ափամերձ շրջանում) քաղաքով և Շաշնու-Սասունում:

Եզրակացություն
   Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ, իսկ հյուսիսային շրջանների իշխանությունները թեպետ չեն մտնում Վանի տերության մեջ, բայց ընդունում են նրա գերիշխանությունը: Միաժամանակ, իր իշխանության երկրորդ շրջանում Վանի արքան ոչ միայն իր գերիշխանությունն  է հաստատում Ուրմիո լճի ավազանից շատ հարավ և Եփրատից արևմուտք, այլ վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող ռազմավարական ուղիների վրա: Մենուան առաջին մարտավարական հաղթանակն է տանում տարածաշրջանի գերտերության՝ Ասորեստանի նկատմամբ և Բիայնիլի-Արարատ-Ուրարտու հայկական պետությունը վերածում է տարածաշրջանային գերտերության

Երվանդունիներ

Ծագում

Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։

Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։

Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։

Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։