Design a site like this with WordPress.com
Get started

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում:

Առաջադրանք:
Կարդալ ստեղծագործությունը:
Ընտրել որևէ շարք և պարզաբանել
Փորձեք շարունակել

«Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են մեղքը վերցնել իրենց վրա, և գիտակցելով, թե ինչ կլինի իրենց հետ, նրանք ամեն գնով փորձում են ընկերոջը փրկեն ամեն հարցում »  ։

Խուլիո Կորտասար: Փոքրիկ դրախտ

20083139222_ed6883345c_b

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z 8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է:

Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջոի՞նչ նշանակություն ունի աղքատությունըերբ հայտնի էոր բոլորն ունեն ոսկե ձկնիկներու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանք:

Կարդա պատմվածքը, վերլուծիր:
Ինչո՞ւ է ստեղծագործությունը  վերնագրված «Փոքրիկ դրախտ»:

Վիլյամ Սարոյան

Լինել ծնված

Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից

Ջայլա՞մը: Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով:
Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին: Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղըտեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել:
Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն: Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:

Գնացքները

Նա այդպես ժամերով կանգնում էր պատուհանի առջև և մոռացած ամեն ինչ, ավելի շուտ քնատ, քան արթուն, նայում էր անթարթ, սևեռուն հայացքով։ Նրան հանգիստ չէր տալիս անտնության զգացումը, իսկ սեփական տանը լինելու փաստն ավելի էր շեշտում այն։ Այդ տանը աշխարհ էր եկել և ապրել իր կյանքի առաջին տասնյոթ տարիները։
Հունիսից մինչև սեպտեմբեր, արդեն չորս ամիս, տանն էր, բայց դարձյալ անտուն էր զգում իրեն, չնայած հիանալի ամառային եղանակին, վաղուց ծանոթ վայրերին, ծերացած, բայց միշտ անփոփոխ ու հարազատ դեմքերին, ամառային հրաշք երկնքին և ամառային բույրերին, որ առաջին իսկ շնչից զվարթացնում էին ու խտտում հոգին, չնայած անհեթեթ քաղաքի անհեթեթ ձայներին, խղճուկ պուրակների շատրվաններին, չնայած առավոտի, կեսօրվա և իրիկնային քաղաքի խժբժոցին, որը հետո կամաց-կամաց մարում էր, և փողոցները դառնում էին սառն ու ամայի։
Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն՝ չնայած այդ քաոսային և երբեմն էլ ծիծաղելի տունն ամեն վայրկյան կողքին էր, իր հետ։ Անհրապույր շրջապատն ավելի էր խորացնում նրա ներքին տագնապը, և մի երազային, սառն անտարբերություն ու անկարողություն էր արթնանում հոգում։

Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր։ Տունը տուն չէր, ամեն ինչ առաջվանն էր, բայց ինքն օտար էր։ Մենակ էր։ Կամաց-կամաց հոգին թաղվում էր խավար լռության մեջ և, երբ քնում էր՝ քնած չէր, իսկ երբ զարթնում էր՝ արթուն չէր։
Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որը ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում, դժվարանում էր խոսել իր նկարների մասին, իսկ կտավները կորցրել էին իմաստային խորությունը, գծերի հստակությունն ու պարզությունը։
Երեկոյան դուրս էր գալիս, որ մեկի հետ հանդիպի, խոսի, բայց թափառում էր քաղաքում, նստում որևէ սրճարանում ու նորից համր լռությամբ վերադառնում իր երկու սենյականոց բնակարանը։ Եվ զարմանափն այն էր, որ այդպիսին էր նաև խմած ժամանակ, երբ սովորաբար դառնում էր սրամիտ, շատախոս ու բարյացակամ։
Մի օր ճոճվելով մի էժանագին հասարակաց տուն մտավ։ Աղջկա հետ բարձրացավ սենյակ, ապուշ հայացքով զննեց նրան, բարձր ծիծաղեց ու խոնարհվելով ներողություն հայտնելուց հետո՝ երկուսի փոխարեն տվեց երեք դոլար և կրկին ճոճվելով դուրս եկավ տնից։
Հիմա, դրանից անթիվ ժամեր, օրեր ու գիշերներ հետո, նա միայն մխիթարվում էր պատուհանից ժամերով գնացքներին նայելով։ Փողոցի մյուս կողմում Սանտա Ֆե կայարանն էր, և այդ իրողությունը, թեպետ ինքը դեռ չէր գիտակցում, չափազանց հաճելի էր, որովհետև այդտեղ ամեն ինչ շատ էր մոտ հեռանալուն։
Նա տխրում էր, երբ գնացքները մեկնում էին, իսկ դրանց ժամանումից հրճվում էր ու ամեն անգամ փորձում էր պարզել, թե ովքեր են գնացքից իջնող մարդիկ, որտեղից են գալիս և ինչու են եկել այս քաղաքը։ Եվ այսպես՝ ամեն անգամ։
Մի օր փոքրիկ, սև ճամպրուկով մի աղջկա տեսավ կառամատույցում։ Աղջիկն այնքան մենակ էր ու վախվորած, որ ցանկացավ ձայն տալ, իջնել նրա մոտ, ժպտալ ու ասել. «Իմ անունը Ջո Սիլվերա է։ Ծնվել եմ այս քաղաքում, բայց տասնյոթ տարեկանում հեռացել եմ ու յոթ տարի հետո վերադարձել, չորս ամիս է, ինչ տանն եմ։
Դիմացի փողոցում եմ ապրում։ Նկարիչ եմ։ Արի գնանք տուն, կհանգստանաս, հետո գինի կխմենք»։
Դուրս եկավ փողոց, բայց աղջիկն անհետացել էր։ Հետո ամբոխի մեջ որոնելով նրան՝ վերուվար արեց Թուլր փողոցով, իսկ հաջորդ օրը ոտնատակ տվեց ամբողջ քաղաքը, և դեռ մի շաբաթ հետո էլ մտածում էր, թե ուր կարող էր կորչել նա։
Դատարկությունը ճնշում էր նրան, ճնշում էր ամենաահավոր ձևով։ Սակայն բանականությունը դեռևս հերիքում էր, որ լիովին չպարտվի, այլ միայն համակերպվի, զգա, հասկանա այն, թեկուզ և սոսկ հետաքրքրությունից։ Միայն փախուստը կփրկի այս ամենից, փախչել, թողնել ամեն ինչ ու գնացքով հեռանալ։ Յոթ ժամից կլինի Սան Ֆրանցիսկոյում, ուր անտունությունը կատարյալ կլինի, հաղթահարելը՝ դյուրին, և առավել դյուրին համակերպվելն ու մոռանալը։ Նա գիտեր, թե որքան փոքր էր աշխարհը, եղել էր աշխարհի ամենագրավիչ քաղաքներում, ուր երազում են լինել բոլոր գավառաբնակ տղաները, բայց քչերին է հաջողվում։ Գիտեր նաև, որ այդ քաղաքներում հայտնվելը զուտ գնացքների կամ նավերի չվացուցակների խնդիր է, իսկ փող չունենալու դեպքում կարելի է պատահական մեքենայով, բեռնատար գնացքով կամ նավով գնալ։ Սրանք բոլորը սուտ բաներ էին։ Քաղաքներն ամենևին էլ գրավիչ չէին։ Իսկ բնակիչները նման էին բոլոր մյուս քաղաքների, ինչպես և այս քաղաքի բնակիչներին։
Իսկ միգուցե իրո՞ք տրվի այդ դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ։ Մարդիկ են ջանում այդպիսին տեսնել աշխարհը, ինչպես և տունը։ Իսկ եթե տունը որոշակի մի վայր է, ապա ինքն անշուշտ տանն է։ Բայց տունը սոսկ վայր չէ, այլ բազում նուրբ, մշտապես փոփոխվող վիճակների ու ռիթմերի, զարգացումների ու արժեքների հարաբերություն է ընտանիքի ներսում կամ երկուսի միջև, որ կարող էին լինել ինքն ու այն կայարանի աղջիկը կամ Վիեննայամ ապրող իր ընկեր Օտտո Բենրան։
Միգուցե ամեն ինչ այդպես էր կամ ամենևին էլ ոչ այդպես։ Միգուցե իր միտքն էր պատրանքներ կերտում։ Նա վախենում էր պատրանքներից, վախենում էր այն մտքից, որ տունը մարդու համար շարժում է, ճանապարհորդություն, և ափսոսում էր դրա համար։
Զգում էր, մոտեցել է վճռելու պահը, բայց չգիտեր՝ կմնար թե կգնար։ Երկուսից մեկը, իսկ նա ուզում էր մնալ։ Մնալ այս հովտում ու նկարել, մնալ երկար ժամանակով։ Հեռանալով հովտից՝ նա ասես ավելի էր մոտենում մահվանը և ամբողջ ուժերը լարում էր, որպեսզի մահը մի փոքր ավելի հեռացնի իրենից։ Բայց ուժերն այդպես վատնելը իմաստ չուներ։
Գնացքները գալիս էին ու գնում։ Իսկ նա նայում էր, թե երբ են հարավից հայտնվելու Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքների նեղ վագոնները։ Լսում էր նրանց ժամանման սուլոցը, որ մարմնական ու հոգեկան ցավերով բռնված, տառապանքով ու հուսալքությամբ լեցուն մարդկային ճիչ էր հիշեցնում։ Լսում էր անիվների ճռինչը, տեսնում վերջին պահերի իրարանցումը. հոգնած գնացքը ծխի ու գոլորշու միջով տխուր ու դանդաղ սահում էր, ու վերջապես հասնում էր հանգստի երազած պահը։ Գնացքները չեն թափառում մարդկային հոգու պես, այլ նորից շարժվում են, գյուղից գյուղ անցնում, քաղաքից քաղաք, հորիզոնից հորիզոն, եղանակից եղանակ։ Իսկ հոգին անհեթեթ, բայց վեհ կոչումների՝ կյանքի իմաստի, մահապարտության, անմահության և Աստծո գաղափարի որոնումների մեջ է մշտապես։ Երևի մարդիկ այս ամենը մի մեծ ու պայծառ քողի տակ են տեսնում, դառնորեն մտածում էր նա։
Ամբողջ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին տաք ու հաճելի օրեր էին։ Բայց տագնապն ու վարանումը հանգիստ չէին տալիս նրան, մյուս կողմից էլ կարծես ներքին մի ուժ հարձակման մղեր, թերևս դա էր փրկության միջոցը։ Բայց ոչ, նա համոզված էր, որ ամեն ինչ կարող էր հաղթահարել միայն ֆիզիկական լարումով ու խմիչքով, ոչինչ, որ մի քիչ էլ լկտի ու կռվարար կդառնար։
Օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին հովտում հրաշալի եղանակներ էին, բայց նրա համար միևնույն էր։
Կարծես կալանավոր լիներ, թեև զգում էր, որ վերջնական փախուստը շատ հեշտ է լինելու, և՝ ոչ տևական։
Բայց սեպտեմբերյան մի կիրակի արդեն համոզված էր, որ եկել է վճռելու պահը։ Կամ մնալ ու ավելի մթնդել հուսահատության ու անգործության խավարի մեջ, կամ ճանապարհ որոնել դեպի լույսը, իսկ միգուցե հեռանալ գնացքով, փախչել ու տնտղել աշխարհը։ Այս վերջինն ամենահեշտն էր ու ցանկալին։
Առավոտյան վեցին նա արդեն արթուն էր, նայում էր մարդատար գնացքներին։ Հետո դուրս եկավ տնից ու քայլեց փողոցներով՝ դիտելու քաղաքի կիրակնօրյա անիմաստ դեմքը, ռւնկնդրելու նրա տրտմալից հանդարտությունը։
Մարիփոզա փողոցի հունական ռեստորանում նախաճաշելուց հետո դուրս եկավ, շրջեց քաղաքում ու մտավ Բրոդվեյի «Ուայթ Ֆաուն» գինետուն՝ գարեջուր խմելու։ Այդտեղի գարեջուրը միշտ սառն է լինում։
Բավական խմել էր, երբ անսպասելիորեն ձայն տվեց բարապանին.
— Հեյ, Մաք, վեց շիշ գարեջուր բեր։
— Որքա՞ն,– հարցրեց բարապանը։
— Վեց չէ, ավելի լավ է՝ յոթ։ Յոթ շիշ գարեջուր։
— Մեկ-մե՞կ,– հարցրեց բարապանը։
— Չէ՛,– բղավեց նա,– միանգամից։
Այլևս ամեն ինչ վճռված էր, զգում էր, որ կամաց-կամաց սթափվում է ու հանկարծակի արթնացածի պես ժամանակ առ ժամանակ ցնցում էր գլուխը։
— Ամսի քանի՞սն է,- բղավում էր նա։ -Ո՛՞ր տարվա։ Ո՞վքեր են ապրում քաղաքում։ Ի՞նչ արտառոց դեպք է կատարվել այս օրերին։
Եվ այսպես շարունակ։
Արդեն կեսօր էր, գարեջրի ջերմությունից շառագունած դեմքով ու փոքր-ինչ ճոճվելով նա դուրս եկավ սրահից։ Կարծես թե լցվել էր բարյացակամությամբ, դարձել հմայիչ և ամեն կերպ ջանում էր բարեկիրթ երևալ։ Ու երբ մոտենում էր հեռագրասյուներին, ողջունում էր խոնարհվելով, ծամածռում էր դեմքն ու քստքստացնում կրունկները։
Ամեն ինչ հրաշալի էր ու թեթև, նույնիսկ օրը ցերեկով խելքը թռցնելը։
Հետո քայլերն ուղղեց դեպի Հաուզ այգին, մոտեցավ պայտ խաղացողներին ու նրանց մարտի հրավիրեց։
Խաղը չափազանց զվարճալի էր։ Իսկ հետո, երբ անսպասելիորեն սթափվեց ֆիզիկական լարումից, ամաչեց արածի համար և դարձավ ներողամիտ։
Խմած ժամանակ հետաքրքիր խաղ էր ստացվում։ Մեկ շատ հեռու էր նետում, մեկ էլ շատ մոտ։
Այս ամենը չափազանց զավեշտական էր։ Իսկ հետո, երբ սթափվեց ու ամեն կերպ ջանում էր ճիշտ նստել, ամենևին էլ զվարճալի չէր։
Խաղը չառաջացրեց այն մեծ ոգևորությունը, որ կարող էր խմած ժամանակ ունենալ։ Նա խաղացողներին շնորհակալություն հայտնեց և հեռացավ, բայց եթե գլուխը տաք լիներ, կասեր, որ իրենից խաղալ սովորեն։
Հետո մտավ զբոսայգի, մեկնվեց մագնոլիայի ծառերից մեկի տակ և դեմքի տխուր ու ձանձրացած արտահայտությամբ քնեց մինչև առավոտ։
Թվում էր, թե անթիվ օրեր ու գիշերներ, շաբաթներ ու նույնիսկ ամիսներ է քնել, բայց երբ արթնացավ, ժամը չորսն էլ չկար։ Նստեց, հորանջելով բացեց աչքերն ու շշմած նայեց շուրջը։ Կողքին աղջիկ էր։ Նրան թվաց, թե դեռ քնած է ու նորից ցնցեց գլուխը։ Աղջիկը նստած էր խոտերի մեջ, նույնիսկ ծառի տակ՝ ճիշտ իր կողքին, և անկասկած քնած ժամանակ իրեն էր նայել։
— Ողջույն,– ասաց նա առանց մտածելու, նույնիսկ անժպիտ, կարծես թե աշխարհին կամ էլ ոչ մեկին դիմեր։
— Ողջույն,– պատասխանեց աղջիկը։
Հետո, անակնկալից շփոթված, նորից փռվեց ու փակեց աչքերը։ Եվ փակ աչքերով ասաց.
– Անունս Ջո է։ Մի փոքր անց, ուղղակի որպես սրամտություն ավելացրեց,– Ես նկարիչ եմ, մեծ նկարիչ։
Նստեց ու նորից բացեց աչքերը։ Հիմա արդեն լիովին արթուն էր։ Աղջիկն իրական էր։
Նա լավիկն էր, ճիշտ է՝ այնքան էլ գեղեցիկ չէր, բայց կոկիկ էր, բարետես, սիրուն ձեռքեր ուներ։
Աղջիկը ժպտում էր։ Երևի այս այգին գիշերները հաճախող փչացածներից է, եկել է հանգստանալու, մտածում էր Ջոն։ Բայց աղջիկը չէր քսմսվում, և նա մտածեց, որ սխալվում է։
– Ջո Սիլվերա,– ասաց տղան։ -Ապրում եմ այս դժոխքում, ինչ կարող եմ անել իմ ծննդավայրն է։ Դո՞ւք էլ եք այս քաղաքից։
— Ոչ,– պատասխանեց աղջիկը։
— Իսկ որտեղի՞ց եք։
Աղջիկը մի պահ վարանեց, մտածեց ու ասաց.
– Միևնույն չէ՞, թե որտեղից։ Միգուցե Տեխասից։ Այո, Տեխասից։
— Ես միշտ սիրել եմ Տեխասը։
— Ամենուր էլ լավ է։
— Եթե…եթե՞,– շարունակեց Ջոն։
— Եթե փող ունես կամ աշխատանք,– պատասխանեց աղջիկը։
— Ճիշտ է,– ասաց Ջոն։ -Գիտես, շատ սոված եմ։ Արի նախաճաշենք միասին, իսկ հետո կշարունակենք մեր զրույցը։
Աղջիկը նորից վարանեց։
— Ռեստորանում,– ավելացրեց Ջոն։ «Մեկը հարցներ, թե ինչո՞ւ է նա ձևեր թափում,– մտածում էր նա,– երբ օգնեմ բարձրանա՝ անպայման կհամբուրեմ»։
— Լավ,– համաձայնեց աղջիկը։
Ջոն ոտքի կանգնեց, որ օգնի նրան, և երբ փորձում էր համբուրել, աղջիկը կքվեց՝ բարձրացնելու պայուսակը։ Նա կռահել էր Ջոյի մտադրությունը։
Աղջիկը շատ էր քնքուշ, դեմքը թովիչ էր ու մեղմ։ Վաղորդայնի լույսերի մեջ նա սքանչելի էր, թերևս հենց այդպիսին էլ պիտի լիներ սեպտեմբերյան մի ոսկե առավոտ քաղաքային զբոսայգում արթնացած յուրաքանչյուր մարդու համար։ Իսկ կազմվածքն իրոք որ լավն էր։
Ջոն զգում էր, որ սրանք վաղանցուկ պատրանքներ են, բայց նա հիացած Էր։ Աղջիկն այնքան արտասովոր էր, այնքան բաղձալի. թերևս մոտենում էր այն պահը, որ պիտի սթափվեր իր թափառուն մտքերից, հոգին լցվեր բերկրանքով ու գոհունակությամբ և ոտքերի տակ զգար հարազատ տունը։
Նա այնքան էլ չէր հավատում աղջկա խոսքերին, բայց համոզված էր, խորապես համոզված, որ նրա հայտնությամբ արտասովոր շրջադարձ է կատարվելու իր կյանքում, և հովիտը նորից դառնալու է իրենը։ Այս ամենը շատ էր բաղձալի։
Հրաշալի երեկո անցկացրին միասին։ Գինին առատ էր, դանդաղ ուտում էին, մեղմիկ զրուցելով՝ ծիծաղում, և աղջիկը կամաց-կամաց խենթացնում էր նրան։ Ոչ մեծ դժվարությամբ Ջոն նրա մասին իմացավ այն ամենը, ինչ կցանկանար իմանալ, և համոզված էր, որ կգա Սանտաֆե կայարանի դիմացը գտնվող իր բնակարանը։
Աղջկան ցույց կտա իր նկարները, հետո կկանգնեն պատուհանի մոտ ու կնայեն գնացքներին, և այս ամենից հետո արդեն պարզ կդառնա՝ կմնա քաղաքում, թե ոչ։
Առավոտյան Ջոն զգում էր, որ պիտի կայացնի իր որոշումը, բայց նրան միշտ թվացել էր, թե դա սոսկ իր գործն է, իսկ հիմա այդ աղջկա ներկայությունը անսպասելի էր, և չափազանց հաճեփ նրա միջամտությամբ որոշելը:
Նկարներն այնքան էլ դուր չեկան աղջկան և երբ հարցրեց, թե ինչի՞ մասին են դրանք, Ջոն պատասխանեց.
— Ամեն ինչի մասին։
Հյուսիս, Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքի սուլոցը լսելով՝ նա աղջկան ուղեկցեց դեպի պատուհանը, և նրանք դիտեցին, թե ինչպես գնացքը մոտեցավ կառամատույցին ու կանգնեց։
Աղջիկը կողքին էր, իրեն շատ մոտ, Ջոն լուռ էր։ Հուզմունքից հոգին փոթորկվում էր՝ տեսնես ինչ է մտածում նա այս սովորական դեպքի մասին, որն իր համար իմաստավորվել էր, դարձել սրտառուչ։ Միայն թե աղջիկը ոչինչ չասի, սոսկ շրջվի և մի գոհունակ հայացք նետի, և ինքը կառնի նրան իր թևերի մեջ, կհասկանա, որ այս քաղաքն իրենն է և անձկորեն կերազի, որ հաջողությունն այսպես շարունակվի։
Ջոն վախվորած սպասում էր ու չէր հանդգնում խոսել։
Անսպասելիորեն աղջիկը հեռացավ պատուհանից ու առանց շրջվելու ասաց.
– Գնացքները երևի շատ աղմուկ են հանում, չէ՞։
Ջոն նստեց ու վառեց ծխախոտը։
Դրսից լսվում էր գնացքների սուլոցն ու անիվների դղրդյունը, և հանկարծ նա այնպես ցանկացավ գնացքում լինել, ճանապարհին, այս տնից հեռու։
Ջոն մոտեցավ պատուհանին և հայացքը հառեց դեպի հյուսիս մեկնող գնացքին։
Տխրամած սուլոց արձակելով, գնացքները հեռանում էին, և նրանց դղրդյունից սենյակը ցնցվում էր։
Շուտով սենյակում կրկին լռություն էր տիրում, գնացքն այլևս չէր երևում։
Ջոն նստեց ու ժպտում էր աղջկան, հետո սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Աղջիկը ոտքի կանգնեց՝ երևի ուզում էր մոտենալ Ջոյին։
– Գնո՞ւմ ես,– հարցրեց Ջոն։
Աղջիկն այդ մասին չէր էլ մտածել։
— Մեքենայով ճանապարհե՞մ,– շարունակեց Ջոն։ — Շնորհակալ եմ, քեզ հետ հաճելի էր զրուցելը։
Երբ աղջիկը հեռացել էր, Ջոն վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարները, առավոտյան ժամանակ չէր լինի։

ԾԻԾԱ՛Ղ

— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
— Այո:

Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
— Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
— Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
— Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:
— Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
— Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:
— Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: — «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:
— Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
— Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
— Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:
— Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
— Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:
— Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
— Տասը:
— Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
— Չգիտեմ:
— Ո՞վ է հայրդ:
— Դերձակ է:
— Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
— Երևի, այո:
— Եղբայներ, քույրեր ունե՞ս:
— Երեք եղբայր, երկու քույր:
— Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
— Այո:
— Ու՞ր:
— Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
— Հին երկի՞րը:
— Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
— Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
— Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
— Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:
— Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
— Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:

Հեռավար ուսուցում, ապրիլի 13- 23

90532671_2499196966997462_4017533333759066112_n

Նախագծեր

Ընթերցողական
Վիլյամ Սարոյան
Խուլիո Կորտասար
Մարիո Բենեդետի

Պատումներ
Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը
Որ գրքում կուզենայի ապրել

Թարգմանական
Մի իրի պատմություն` երկարաժամկետ նախագիծ

Ընտանեկան
Խոհանոցում են սեբաստացիները:

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից

Մերուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանք:

Գտիր երեք հատվածների նմանությունը:
Քեզ դուր եկած հատվածը վերլուծիր:
Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ո՞վ է ուսուցիչ քեզ համար:
Ի՞նչ տվեց քեզ այս ստեղծագործությունը:

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:
«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:Նյու Յորք    Նոյեմբերի 10, 1958 թվական    Թանկագին Թոմ    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին  :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝ՀայրիկԱռաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:

Կարդում ենք Սահյան

Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Դու ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ
Ու ես անտեր մնամ,
Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես քեզ շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար արևագալ լինեմ։
Դու ուզեցիր, որ ես քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ։
Արցունքի մեջ մնամ և սգի մեջ մնամ,
Բայց քո տոնը լինեմ։
Դու ուզեցիր, որ ես փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիր, որ ինձ քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ։
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ։
Գուշակեցե՛ք խնդրեմ, մարգարենե՛ր հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ միակ
Ավելորդը լինեմ։

Առցանց աշխատանք, մարտի 30- ապրիլի 14, գրականություն

Ուսումնական օրացույցի հավելված, մարտի 30-ապրիլի 14

Գրականություն
Կարդում ենք Սահյան

hamo-sahyan-300x204
Նախագծի ժամկետը`մարտի 30-ապրիլի 14
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ:

Ֆիլմեր Սահյանի մասին և նրա մասնակցությամբ
Իրիկնահացի հրավեր
Երկու հանճարի զրույցը. Սահյան և Մաթևոսյան
Քարափներից երկինք
Համո Սահյան. Բանաստեղծություններ:

Մեր ժամանակակիցը, մեր Տիգրանը: Ընթերցողական նախագիծ, մարտի 23-27

Կրթահամալիրի շրջանավարտ Տիգրան Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մասնագիտությամբ արվեստաբան՝ միջնադարյան արվեստի պատմության և տեսության մասնագետը նաև ստեղծագործում է, ունի մի շարք արձակ գործեր: Հեռավար ուսուցման այս օրերին առաջարկում եմ մեր սովորողներին կարդալ Տիգրանի ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել: Նախատեսվում է նաև հանդիպում Քոլեջի Վերնատանը:

Ստեղծագործությունները`
Եվ ձյուն եկավ
La Vie en Rouge
Գլխապտույտ
Քաղաք և քաոս` Պետերբուրգ
Isabelle mon amour
Շիրին-Շիրինամ
Թորանջ
Ձեռնածուն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 16-20 ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ.

  1. ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵԱԼԴԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
  2. ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
  3. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ԾԻԱԾԱՆ ՇԱՐՔԻՑ. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ…
  4. ՉԱՐԵՆՑ. ԾԻԱԾԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ
  5. ՉԱՐԵՆՑ. 1920-1921 — ՏԱՂԱՐԱՆ
  6. ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻՑ
  7. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆ
  8. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ