
Դիտումը հոգեբանական հետազոտությունների հիմնական էմպիրիկ մեթոդներից մեկն է, որը հիմնված է հոգեբանական երևույթների մանրամասն, համակարգային և նպատակաուղղված ընկալման և ֆիքսացիայի վրա:
Դիտումն ուղղված է սուբյեկտի կամ խմբի վարքային դրսևորումների գրանցմանը:
Վարքային բնութագրիչներ կազմելու համար դիտման մեթոդում հաշվի են առնվում տարբեր չափանիշներ, որոնք կախված են՝
տարիքից, մասնագիտությունից, իրավիճակից, մասնակիցների քանակից և այլն:
Դիտման հիմնական չափանիշներն են՝ միմիկան, պանտոմիմիկան, արտաքին առանձնահատկությունները (հաբիտուս), վարքը հիմնական գործունեության մեջ (խաղ, ուսուցում, աշխատանք),խոսքային վարքը (վերբալ բովանդակությունը), վարքային դրսևորումները (իր կամ այլոց նկատմամբ), վարքը բարդ իրավիճակներում (ոչ ստանդարտ վարք), հատուկ ընդգծված և բնորոշիչ գծերի օրինակներ (արտահայտություններ, սովորություններ, հետաքրքրություններ, նախասիրություններ և այլն:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄ
Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։
Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։
Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։
Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։
Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։
Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։
Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։
Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։
Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։
Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.
- Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
- Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
- Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
- Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
- Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
- Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
- Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։
Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։
Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։
Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.
- Իրական կամ արհեսատական
- Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
- Ինքնաբերական կամ կազմակերպված
- Ստանդարտ կամ յուրահատուկ
- Սովորական կամ էքստրեմալ
- Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։
Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.
- Անմիջական և ոչ անմիջական
- Վերբալ և ոչ վերբալ
- Կարճաժամկետ և երկարաժամկետ։
Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։
Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.
- Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
- Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
- Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
- Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
- Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։
Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։