
Հնում Հայոց աշխարհը բաղկացած էր տասնհինգ փոքր աշխարհներից կամ նահանգներից՝ Բարձր Հայք, Ծոփաց կողմ կամ Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք, Այրարատ: Երբ տասնհինգ նահանգները միաձույլ էին ու հայախոս, Ամանորը Հայաստան էր մտնում նույն գիշերը: Բոլոր տասնհինգ նահանգներում նավասարդյան տոնախմբություններն սկսվում էին միաժամանակ: Հայը հաց է դրել հին ու նոր տարիների սահմանագլխին, կարմրահատ ցորենով ճարմանդել հին տարվա ավարտն ու նորի սկիզբը:
Բարձր Հայքում մի ճերմակ ցորնհաց էին թխում, կեսն ուտում հին տարում, կեսը՝ նոր տարում,որով կարծես խնդրում էին հայոց աստվածներին հնի պես հացառատ դարձել նաև Նոր տարին:
Ծոփաց կողմում ցորեն աղանձ էին անում, մի մասը ուտում, մյուսը՝ թափում գետի կամ առվակի մեջ՝ համարելով, որ նվիրում են անձրևի աստծուն՝ Նոր տարին ցորենաբեր դարձնելու համար:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ ցորենաբլուր էին սարքում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ բան կվերցնի և եկող տարի ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում հին ու նոր տարիների սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի հոտով լցնում տունը:
Մոկքում Նոր տարվա սեղան նստելուց առաջ շինականը դաշտ էր գնում և մի քանի անգամ պտույտ տալիս իր արտի եզրերով, որով ուզում էր հավաստել, թե աստծու չափ երկրպագում է հողը, որի բարիքների շնորհիվ է, որ մարդը մի տարուց անցնում է մյուս տարուն:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ է տալիս սենյակում ու Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ բաշխում տան անդամներին: Դրանով ուզում է ասել, որ Նոր տարում աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարում հացի խմորը հունցում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայքում ասում էին, թե երաշտ տարում Կապուտանը փոթորկվում է, նրա ցայտերը թռչում են երկինք և ապա անձրև դարձած թափվում տապից տոչովող արտերի վրա:
Վասպուրականում Նոր տարվա նախօրեին փակում էին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները: Նրանք կարծում էին, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է մի գավ գինի խմել, հարբել ու մոլորվել: Բայց հաշվի առնելով, որ Ամանորը երկար ճանապարհ է անցել և քաղցած կլինի՝ կարասների ու տիկների բերաններին մի-մի կտոր թարմ հաց էին դնում նրա համար:
Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է կծեն հացի նույն կտորից, այլապես աստված որոմնաշատ կդարձնի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանիմեջ և դնում սեղանի վրա: Խաշելուց հատիկներն ուռչում ն և սովորականից երկու անգամ մեծ երևում:Արցախեցին դրանով հուշում էր աստվածներին, որ հաճելի կլիներ, եթե Նոր տարում ցորենի հատիկները խոշոր լինեին:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տանը եղած գարին գոմ էին տանում ու մի այնպիսի գաղտնի անկյունում թաքցնում, որ Ամանոր աստծո աչքով չընկնի և Նոր տարին ամբողջովին ցորենաբեր դարձնի:
Ուտիքում մի կտոր հաց էին կախում տան շքամուտքի բիղխից (դռան կամարի միջի քար)՝ ցանկանալով հավաստել, որ ամենքը կարող են հյուրընկալվել և մի կտոր հաց անուշ անել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները գործի գցած:
Տայքում Նոր տարվա նախօրեին բարձրանում էին մոտակա սարերը և ձեն տալիս.
-Ամանո՜ր, Ամանո՜ր , ճաշը պատրաստ՝ քեզ ենք սպասում:
Տայքում կարծում էին, թե Ամանորը կարող է ուշանալ, գուցե հոգնել և մի տեղ քնով է անցել, պետք է արթնացնել և տուն հրավիրել:
Այրարատում համոզված էին, թե Նոր տարին, ձյունափայլ լավաշն ուսած, իջնում է Մասիսի կատարից, մտնում և հաց բաշխում նախ աշխատասեր մարդկանց տներին, նոր մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին: