«Այինկա» նորավեպը ընտանիքի երկու եղբայրների մասին է, ավելի շատ Սահակի: Եղբայրներն իրար դեմ են և՛ աշխատանքում, և՛ սիրո մեջ: Հերոսներն են Պերճուհին և երկու եղբայրները՝ Հակոբոսն ու Սահակը: Նրանց հոգեկան առնչությունների միջոցով ձևավորվում է մի ազդեցիկ և հուզիչ դրամա: Պերճուհին սիրել է փոքր եղբորը՝ Սահակին: Բայց հետո հիասթափվել է, քանի որ հակառակ գյուղի բոլոր մարդկանց, որոնք խիզախորեն ծխախոտի մաքսանենգությամբ են զբաղվում, սիրած տղան ծառայության է մտել ոստիկանություն: Այինկաճիի աղջիկ Պերճուհին չի ներում Սահակին, դառնում է մյուս եղբոր՝ Հակոբոսի նշանածը: Սակայն կնոջ սերը հզոր է, ամուր, ինչպես երկաթը չի կարող ծռվել ծառի ոստի պես: Սիրո դրաման ստանում է ինքնատիպ լուծում. իրար դեմ են դուրս գալիս Հակոբոսը՝ այինկաճիների խմբով, Սահակը՝ ոստիկանների հետ: «Մեռնի՜լ, վախցա՞ծ էր երբեք մեռնելե, և եղբորմեն եկող այս հարվածները փրկության մահ մը կխոստանային իրեն. անոր ձեռքին մեռնիլ, ի՜նչ հաճույք»,- մտածում էր նա: Սահակը զոհվում է, մայրը կսկիծից մեռնում է, Սահակի ընտանիքին տրված թոշակն ստանում է Հակոբոսը: Իսկ Պերճուհի՞ն՝ ընտանիքի սյունը: Ոչ ոք չի հասկանում կնոջ հոգու առեղծվածը: Նա հետ է տալիս Հակոբոսի նշանը և դառնում «սևեր հագնող աղջիկ մը, որ չամուսնանար»: