ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա…
* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին…