
Հրաշք լիներ կրկնվեր
Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ա՜խ, ձենուձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական…