
Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․
Նախագծի ամփոփ նկարագրություն
Այս տարի լրանում է 1915 թ․-ին իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Սակայն մենք ի՞նչ գիտենք առհասարակ ցեղասպանությունների մասին։ Վստահաբար մեզնից շատերը միայն գիտեն հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության և մի որոշ հատվածն էլ հրեաների դեմ իրականացված՝ Հոլոքոստի։ Ցեղասպանություն (հունարեն՝ γένος — ցեղ և լատ.՝ caedo — սպանում եմ, աշխարհին հայտնի է որեպես՝ <<գենոցիդ>> տերմինով)։ Այս տերմինը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը, որի շրջանակներում այն բնութագրվում է, որպես՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված, համակարգված ոչնչացում հետևյալ ճանապարհներով՝
- Խմբի անդամների սպանություն,
- Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
- Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
- Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
- Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։1948 թվականին, կապված երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների նկատմամբ իրականացրած մասսայական ոչնչացման հետ, ՄԱԿ-ը ընդունեց՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որի շրջանակում, ցեղասպանությունը համարվեց միջազգային հանցագործություն։
Սակայն մենք ի՞նչպես կարող ենք հասկանալ ցեղասպանությունները, որպես մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործության, պատմությունը, ծավալները և իրական հետևանքները․․․ դա հնարավոր է հասկանալ միայն ուսումնասիրելով։ Սույն նախագիծը, որի նախատեսված է քոլեջի ուսանողների համար, որոնք այս նախագծի շրջանակում կկատարեն ուսումնասիրություն՝ տարբեր ժամանակներում իրականացված ցեղասպանությունների մասին, կօգնեն քեզ հասկանալ։ բոլոր աշխատանքները կամփոփվեն նախագծում։
Նախագծի նպատակն է հավաքել աշխարհում կատարված ցեղասպանությունների պատմությունները, որի շրջանակում կարել է նաև հասկանալ, նրանց իրականացման դրդապատճառները, հետևանքները և ճանաչելիության աստիճանը։
Հայոց ցեղասպանությունը ի վերջո դիտարկել ոչ թե մեկուսի ոճիր, այլ մարդկության դեմ գործած հանցագործությունների անբաժանելի մաս։
Հնարավորության դեպքում սովորողների կողմից կառաջարկվեն լուծումներ, որոնք միտված կլինեն հետագայում բացառելու ցեղասպանությունների կրկնումն աշխարհում։
Նախագծի ընթացքում սովորողները կընտրեն իրենց ուսումնասիրության համար հարմար նախագիծ, օրինակ՝ <<1994 թվականի Ռուանդայում զանգվածային ջարդը>>, որի ժամանակ հութու ցեղը ոչնչացրեց տուտսի ցեղից 600 հազար հոգու։ Այնուհետև կսկսեն այդ թեմայի շուրջ հավաքել բազմաբնույթ նյութեր՝ համացանցից, գրականությունից, լուսանկարներից, ֆիլմերից և այլն։ Որից հետո սովորողները կիրականացնեն իրենց հետազոտությունը այդ թեմայի շուրջ։ Նախագիծի շուրջ քննարկումներ տեղի կունենա առցանց հարթակում։
Նախագիծը կամփոփվի սովորողների կողմից կատարված աշխատանքների և առցանց հարթակում կայանալիք քննարկումների ձայնագրության հետ միասին։ Նախագծի շրջանակում կհավաքվեն ցեղասպանությունների պատմությունների շարք, որը հնարավորություն կտա ցեղասպանություններով հետաքրքրվողներին ձեռքի տակ ունենալ հարմար նյութերի շարք։
Մասնակիցները քոլեջի սովորողներն են, սակայն դա չի արգելում կրթահամալիրի, կամ Հայաստանի այլ կրթական հաստատություններում սովորողներին մասնակցել նախագծին։ Բազմաթիվ մասնակցությունները կապահովեն նախագծի ամբողջական կայացմանը։
Նախագծի համար, որպես ժամանահատված է ընտրվել՝ ապրիլի 23-ից-մայիսի 7-ը։
ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԱՅԻՍԻ-7-ին` Microsoft Teams հարթակով։

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն , Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:
Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։
Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։
Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։
Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը:
1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»: