Մեր խոհանոցում հիմնականում օգտագործում ենք այս կանաչիների տեսակները՝ ավելուկ, սիբեխ, համեմ(գինձ), ռեհան, մաղադանոս(պետրուշկա), կանաչ սոխ, թարխուն, մանդակ, սամիթ, կոտեմ, նեխուր(քյարավուզ), սպանախ, հազար(մառոլ), բազուկի տերև (ճավ)։
Ավելուկ-Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձրությունը՝ մինչև 120 սմ։ Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռակող սերմիկ է։
Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղտոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։
Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։
Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը և քաղցր։
Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։

Սիբեխ-Հայտնի է սիբեխի 5 (ԽՍՀՄ-ում՝ 3) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական սիբեխ։ Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։
Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։
Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։

Համեմ(գինձ)-Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են 0.5-1 %եթերայուղ, 2 %, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և 20 % ճարպայուղ։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:
Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։ Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։
Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։
Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։
Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։
Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։
Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուղ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախոտը։

Ռեհան— կամ շահասպրամ արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին։Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։
Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգան, ռեհոն, ռեան:
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։
Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։
Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։

Մաղադանոս(պետրուշկա)-Ունի 2 տարատեսակ՝արմատապտղային, տերևային,որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։
Ըստ ավանդության՝ վայրի վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվում է սուրբ բույս, խորհրդանշում հաղթանակի փառք և բերկրանք։ Բուրմունավետ բույս է, շատ նման է նեխուրին (քարավուզ), բերվել է հին Հելլադայի այգիներից ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն»։
Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները կիրառվում էին՝ որպես միզամուղ և վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։
Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը ։ Նա Կիևի Մարիինյան թատրոնի երգիչ (բաս) Ֆեոդոր Իգնատևիչի որդին է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։
Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են։
Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։
Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։
Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

Կանաչ սոխ-Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։
Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։
Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։
Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։
Սոխով թրմված որակյալ քացախը կիրառվում է դեղնախտի և փայծաղի մեծացման դեպքում։ Փայծաղի ֆունկցիաներից մեկը կայանում է նրանում, որ զտում է արյունը և հեռացնում արյան հոսքի միջից ծերացած` իրենց դարն ապրած թրոմբոցիտները, որոնք չհեռացվելու դեպքում կկուտակվեն անոթների պատերի վրա և խցանում կառաջացնեն։
Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։
Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։
Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։
Կանաչ սոխում պարունակվող արժեքավոր ֆիտոնցիդները կարելի է համարել դրա սեփական իմունային համակարգի հիմնական «զենքը», դրանց օգնությամբ սոխը պաշտպանվում է ցրտահարություններից և վնասատուներից։ Ֆիտոնցիդներն ունեն և հակաբակտերիալ, և հակամանրէ ակտիվություն, այդ իսկ պատճառով սոխը և սխտորն անփոխարինելի են համաճարակների ժամանակ։

Թարխուն-Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։
Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60-80 սմ, տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։
Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեշ՝ որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։
ՀՀ-ում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում։ Վայրի տեսքով աճում է Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Պակիստանում և Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում աճում է կենտրոնական Մեքսիկայից մինչև Կանադա և Ալյասկա։ Աճում է լեռնային գոտիներում։
Արմատային համակարգը պարունակում է կարոտին (մինչև 15 %), ասկորբինաթթու (0,19 %)։ Պարունակում է եթերային յուղեր, կանաչ մասում կազմում է 0,1—0,4 % իսկ չմշակվածներինը՝ 0,25—0,8 %:
Մշակույթյան և բժշկության մեջ օգտագործում են կանաչ մասը, որը հավաքում են մինչև բույսի ծաղկելը։

Մանդակ-Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 (150) սմ։ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։
Տարածված է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

Սամիթ-բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ , նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։
Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս է, որն ունի առանցքային և բավականին լավ ճյուղավորված արմատներ։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ և առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։
Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ։
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։
Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ:
Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։ Ձկնամթերքները մեծ մասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Կոտեմ-Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է։ Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է։
Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են։ Մեղրատու է։ Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։
Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։

Նեխուր(քարավուզ)-ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ ։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։
Երկամյա է։ Արմատը հաստացած իլիկանման է։ Ցողունը կանգուն է, նիստավոր-ակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-100 սմ։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղը երկսերմիկ է։
Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։
Նեխուրը հին ժամանակներից հայտնի էր եգիպտացիներին, հույներին և հռոմեացիներին։
Հին Հնդկաստանի, Տիբեթի և Չինաստանի բժշկության մեջ քաղցկեղով հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտագործել սննդի մեջ, իսկ ջրով կամ քացախով տարրալուծած հյութը որպես՝ հակափխսեցնող միջոց։
Ժողովրդական բժշկությունն այն օգտագործում է հիպովիտամինոզների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Արմատներից, սերմերից և տերևներից պատրաստած թուրմը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, կարգավորում է ախորժակը և մարսողությունը։ Կալիումի աղերի առկայությունը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, մագնիումը՝ նյարդային համակարգի, իսկ երկաթը՝ արյունաստեղծման։
Ժամանակակից բժշկությունը նեխուրի արմատները և խոտը խորհուրդ է տալիս իբրև բուժիչ դիետիկ միջոց մարսողական ուղու հիվանդությունների ժամանակ գաստրիտ, խոցային հիվանդություններ, քրոնիկ կոլիտներ։

Սպանախ-Սպանախ սովորական, որը տարածված է մշակության մեջ։Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը:
Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։
Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում։
Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։
Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար։

Հազար(մառոլ)—Դառնիճ, Հազալ, բարդածաղկավորների ընտանիքի ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։
Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։
Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են ։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը: 16-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։
Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում:
Հազարի օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը և արյան բաղադրությունը, կարգավորում է մարսողական օրգանների և նյարդային համակարգի աշխատանքը՝ բացառելով ավիտամինոզի զարգացումը։ Սկսած վաղ գարնանից՝ հազարի տերևների կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նպաստում է մարսողությանը, կանխարգելում է փորկապությունը, հանգստացնում ստամոքսի ցավերը։ Հազարը հատկապես օգտակար է ծերերին և քիչ շարժուն կյանք վարող անձանց համար, քանի որ այն ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը և մարսողական ֆերմենտները, խթանում աղիքների գալարակծկանքը։
Հազարն ունի թարմացնող և ծարավը հագեցնող հատկություն։
Հազարի և քացախի համադրությունը ախորժակը գրգռելու լավ միջոց է։ Գիրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել մեծ քանակությամբ հազար։
Հազարը որպես դիետիկ սնունդ, անհրաժեշտ է նաև շաքարախտով հիվանդներին։ Տերևներից պատրաստած թարմ հյութն օգնում է քրոնիկ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման ժամանակ։ Դրա շնորհիվ բարեկավվում է հիվանդների ինքնազգացողությունը, արագանում է խոցի սպիացումը։
Ժողովրդական բժշկության մեջ հազարն օգտագործում են նաև հազի, կրծքային ցավերի հաղթահարման և դեղնախտի բուժման համար։
Հազարի սերմերի ջրային թուրմն օգտագործում են որպես կերակրող մայրերի կրծքագեղձերի գործունեությունը ակտիվացնող միջոց։ Հազարն իր մեջ պարունակում է վիտամին P, որը կանխարգելում է արյունատար անոթների փխրունությունը, ինչն էլ շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Հազարը աճեցնում էին Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հազարաթերթի հայրենիքը Միջագետքն է։
Բազուկի տերև(ճավ)-Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։
Վայրի տեսակները տարածված են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Առաջավոր Ասիայում, Կովկասում, Ղրիմում, Բալկաններում, Հնդկաստանում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա գոտիներում։ ՀՀ-ում հայտնի են ճակնդեղի 5՝ խոշորարմատ, բաժանապտուղ, եռասռնակ, բազմամյա կամ ծովափնյա և սովորական տեսակները։ Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլուր։
Արմատը պարունակում է թաղանթանյութեր, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ֆրուկտոզ, գլյուկոզ, ազոտային նյութեր։ Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգանական թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ։ Կերի ճակնդեղը օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 ճակնդեղկերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ տերևները՝ համապատասխանաբար՝ 10,2 և 1,8 կգ։ Շաքարի ճակնդեղի ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300-600 գ), որն օգտագործվում է շաքարի արտադրության մեջ մեջ։ Ճակնդեղի 4 վայրի տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։ Շաքարի ճակնդեղն առաջին անգամ աճեցրել են Ֆրանսիայում 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբին՝ Ռուսաստանի սևահողային շրջաններում, այնուհետև Ուկրաինայում սկսեցին ճակնդեղից շաքար եփել, որը դարավերջին լրիվ բավարարում էր երկրի պահանջարկը և նույնիսկ արտահանվում էր այլ երկրներ։ Ներկայումս աշխարհում օգտագործվող շաքարի միայն 40 %-ն են ստանում շաքարի ճակնդեղից, մնացյալը՝ շաքարեղեգից։ Շաքարի ճակնդեղ հիմնականում մշակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում։ Շաքարի ճակնդեղը ցանքի առաջին տարում առաջացնում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևներով վարդակ։ Ծաղիկները երկսեռ են՝ խումբ-խումբ նստած տերևածոցերում։ Ջերմա-, լուսա-, խոնավասեր, աղա- և երաշտադիմացկուն կարևորագույն տեխնիկական բույս է։
Ուոքերի տվյալներով սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութն ամենաարժեքավորն է։ Պետք է այն կիսով չափ խառնել գազարի հյութի հետ և օրական խմել 3-4 բաժակ։ Միզամուղ է, փորկապությունը վերացնող, հակաբորբոքային հատկություն ունի։ Հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը (մեղրի հետ խառնած վիճակում), օգնում է քաղցկեղի դեպքում։ Արտաքին խոցերի ու վերքերի դեպքում ոչ միայն կարելի է ճակնդեղի հյութը խմել, այլև քսել վերքերին։
Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։ Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։ Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։ Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։Կիրառություն
Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն կանխարգելում է լյարդի ճարպակալումը և ունի հակասկլերոտիկ հատկություն։ Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող, վիտամին C (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Դրական է, որ C վիտամինը չի առաջացնում լյարդի ճարպակալում, երկարատև ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում։Թափոնները՝ մզուկը և մաթը, արժեքավոր անասնակեր են։ Ճակնդեղի 4 վայրի տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։Գյումրիում կառուցվում է շաքարի գործարան, ինչը ենթադրում է շաքարի ճակնդեղի մշակության որոշակի զարգացման հեռանկար տարածաշրջանում։
Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։ Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։Բժշկության մեջ օգտագործել են բույսի տերևն ու արմատը։ Հայկական բժշկության մեջ օգտագործվել է ուռուցքների, աղիքների խիթքի, գոտկային ցավերի, մաշկային ցաների, այրվածքների բուժման նպատակով։

Ահա և ավելուկով ապուրը։
Բաղադրատոմս
Ավելուկով ապուր Պատրաստման եղանակը Նախապես լվանում և ջրով եփում ենք ավելուկը,հետո 2ճ.գ. ձիթապտղի յուղի մեջ շոքեխաշում ենք 1 միջին չափի գլուխ սոխը, այդ տարայի մեջ ավելացնում ենք պտղունց աղը, որպեսզի չտապակենք սոխը, այլ շոքեխաշենք, ավելացնում ենք ոսպը՝կարմիր կամ կանաչ, կարող ենք ավելացնել բրինձ(ըստ ցանկության), հետո նախօրոք եփած ավելուկը ջրով տեղափոխում ենք մեր տապակայի մեջ ավելացնում ջուր և թողնում մինչև ոսպը եփվի, համեմում ենք աղով և չիլի տաքդեղով։ Ամանի մեջ նախապես կտրատած սխտորի վրա ավելացնում ենք ավելուկի ջրից և մատուցում։Ի գիտություն՝ եթե սիրում եք ընդեղենը և չրեղենը այսպիսի ապուրիների մեջ, ապա ավելացրեք( ըստ ցանկության)։