Կարդում ենք Սահյան

Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Դու ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ
Ու ես անտեր մնամ,
Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես քեզ շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար արևագալ լինեմ։
Դու ուզեցիր, որ ես քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ։
Արցունքի մեջ մնամ և սգի մեջ մնամ,
Բայց քո տոնը լինեմ։
Դու ուզեցիր, որ ես փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիր, որ ինձ քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ։
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ։
Գուշակեցե՛ք խնդրեմ, մարգարենե՛ր հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ միակ
Ավելորդը լինեմ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: