Քառյակներ
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
1890
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
1890
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
1916, Հունիս
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։
1916, Հունիս
Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։
1916, Հունիս
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։
1917, Հունվարի 15
Առատ կլինի կինը արդ,
Կնկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։
1917 Հունվարի 16
Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։
1917, Հունվարի 16
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։
1917, Փետրվարի 9
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։
1917, Նոյեմբերի 7
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։
1917, Նոյեմբերի 10
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
1917, Նոյեմբերի 11
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։
1917, Նոյեմբերի 11
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
1917, Նոյեմբերի 30
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
1917, Դեկտեմբերի 24
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
1917, Դեկտեմբերի 24
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
1917, Դեկտեմբերի 24
Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։
1917, Դեկտեմբերի 26
Հոգիս` տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։
1917, Դեկտեմբերի 27
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
1918, Հունվարի 4
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
1918, Հունվարի 25
Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։
1918, Հունվարի 26
Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։
1918, Փետրվարի 2
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
1918, Փետրվարի 2
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։
1918, Փետրվարի 4
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։
1918, Փետրվար
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։
1918, Փետրվար
Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։
1918, Հունիս
…Կյանքն ահա.-
Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։
1918, Օգոստոսի 30
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
1918, Նոյեմբեր
Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սրտի հետ խելագար
Անհավասար կռվի մեջ,
Քարշ եմ գալի ես տկար։
1919, Հունվարի 25
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԸ
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց — Մամիկոնյան» կնքադրոշմը:
Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ:
Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը:
Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին:
Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:
Մեհրաբ /1740-1860/-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»:
Հովակիմ /Օվագիմ 1760-1855/ – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը:
Հովհաննես աղա /Ուհանեզ 1795-1868/- 1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:
Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:
Ասլան /1839-1898/- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:
Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
«ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:
1910թվական:
ՆԱԽԵՐԳԱՆՔ (Համբարձման գիշերը) Բազմած լուսնի նուրբ շողերին, Հովի թևին՝ թըռչելով՝ Փերիները սարի գըլխին Հավաքվեցին գիշերով։ — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ, Եկե՜ք, ջահել սիրահարի Սերը ողբանք վաղամեռ։ Օխտն աղբյուրից ջուր է առել Կույս սափորով, լուռ ու մունջ, Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ։ Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, Խընդիրք արել աստղերին, Փափագ սըրտով խընդիրք արել՝ Բարի ժըպտան իր սերին… Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ, Ափսո՜ս իգիթ քու յարին. Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ, Ափսո՜ս էդ ծով աչքերին…։ |
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով Լըցված սըրտերն ու աչեր՝ Սարի ծաղկունք տըխուր սյուքով Հառաչեցին էն գիշեր։ — Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին… Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ, Վո՜ւշ քու սիրած սարերին… — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ… Ու փերիներն էսպես տըխուր Երգում էին ողջ գիշեր։ Կանչում էին հըրաշալի Հընչյուններով դյութական, Ու հենց շողաց ցոլքն արևի՝ Անտես, անհետ չըքացան։ Խոր սուզվեցին ակն աղբյուրի, Մըտան կաղնին հաստաբուն, Ու լեռնային վըտակների Ալիքները պաղպաջուն։ ԱՌԱՋԻՆ ԵՐԳ I Կանչում է կըրկին, կանչում անդադար Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն, Ու թևերն ահա փըռած տիրաբար՝ Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։ Ուր որ հայրենի օջախի առաջ Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ, Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝ Խոսում են Լոռու հին-հին քաջերից։ |
Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի, Հարբած շարքերով բըռնած շուրջպարի, Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում, Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում Պերճ Արագածի նազելի դըստեր, Որ Դև–Ալ, Դև–Բեթ և այլ հըսկաներ, Խոլ–խոլ հըսկաներ հընոց աշխարհի, Փախցըրին բերին անառիկ Լոռի։ II Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր, Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան, Առաջըս եկան երջանիկ օրեր, Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան։ Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես, Որ անցած գարնան կային ձեր լանջում. Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես, Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում։ Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր, Որբացած հոգիս ողջունում է ձեզ, Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ, Դյութական ձայնով կանչում է հանդես։ Դո՛ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից, Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ, Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից, Լըցրե՛ք պոետի հաճույքը վըսեմ… III Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծըմակի լըռին խորքերից, Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի Արձագանքն ահա լըսում եմ նորից։ Թընդում է զըվարթ աղմուկը բինի, |
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից, Ու բոլորն, ահա, նորից կենդանի Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում… Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում… IV — Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում, Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում, Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր, Ընկել եմ հանդեր։ Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով, Ոտըս կապեցիր թել-թել մազերով. Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով, Ա՛յ սարի աղջիկ, Ա՛յ սիրուն աղջիկ, Ա՛յ դու կարմրաթուշ, Թուխամազ Անուշ։ Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան, Արին կըթափեմ ես գետի նըման. Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման, Ա՛յ սև աչքերով, Ա՛յ ծով աչքերով, Ունքերըդ կամար Աղջիկ, քեզ համար։ V Երգում է Սարոն, ու չի կարենում Աղջիկը հանգիստ նըստի վըրանում։ |
— Էն ո՞վ էր, նանի՛, որ կանչում էր մեզ, Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՜ս… — Հերի՛ք է, Անո՛ւշ, ներս արի դագեն, Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն, Տեսնողն էլ կասի— ի՜նչ աղջիկ է սա… Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա։ — Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին, Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին… Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ, Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։ — Հանգի՛ստ կաց, Անո՛ւշ, դու հասած աղջիկ՝ Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ, Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ, Պարկեշտ կաց, աղջի՛, ամոթ է, ամո՜թ։ — Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի, Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր, Մին թև է առնում, ուզում է թըռչի, Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր… Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ, Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ. Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ, Աղբյուրը գընամ աղջիկների հետ… VI Կըժերն ուսած՝ թըռվըռալով Ջուրն են իջնում աղջիկներ, Խընդում իրար ուսի տալով, Երգը զընգում սարն ի վեր։ — Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Էն ո՞ւմ յարն է նըստած լալի Հոնգուր-հոնգուր էն սարում։ |
Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։ Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։ Վառված սիրտը էն յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի… — Աղջի՛, քու յարն եկավ անցավ Վառված, տարված քու սիրով, Էրված ջիգյարն՝ եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջըրով… Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի Հոնգուր-հոնգուր էն սարում։ VII Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած. — Էն ե՜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ, Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ… Ամպերն եկել են սարերը պատել, Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի, Հազար ջահելներ վըխտում են հիմի… Ու ելավ տեղից պառավը հանկարծ. — Ո՞ւր կորար, Անո՜ւշ, ա՛յ մազըդ կըտրած… Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին, Կանչում է, կանչում անահ զավակին։ — Աղջի՜, սևասի՜րտ, քու ահը կըտրի, |
Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի. Ամպը կոխել է, աշխարքը մըթնել, Ի՞նչ ես կորցըրել՝ չես կարում գըտնել… Աղջի, հե՜յ Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ… Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ». Ու ձորի գըլխին մոլորված կանգնած Նայում է ներքև սիրտը սևակնած։ Ամպերն եկել են սարերը պատել, Ձորերր լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի. Հազար ջահելներ վըխտում են հիմի։ VIII — Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա… — Չէ՛, Անո՛ւշ, քի՛չ էլ, մի՛ քիչ էլ մընա… — Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես… Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես, Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում, Դու սարի լանջին խաղեր ես կանչում… Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել… Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ, Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ. Ինձ չես լըսում, Չես ափսոսում, Էլ չես ասում՝ Ինչ կըլնեմ ես… Ես կըվառվեմ, Հուր կըդառնամ, Ես կըհալվեմ, Ջուր կըդառնամ, Ես չըգիտեմ՝ Ինչ կըդառնամ, Թե որ մին էլ Էսպես մընամ… |
Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես, Մընում էր յարին, Ու չեկավ նա տես։ Խեղճը դողալով՝ Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, Ուռենի դարձավ։ Ջըրերի վըրա Գըլուխը կախած Դեռ դողում է նա Ու լալիս կամաց, Ու ամբողջ տարին Մի միտք է անում, Թե յարը յարին Ո՜նց է մոռանում… — Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում. Բա դու չե՞ս լըսում, Էն, որ լանջերին խաղեր եմ ասում, Ո՞ւմ հետ եմ խոսում… Էն, որ գիշերով շըհու եմ փըչում, Էն ո՞ւմ եմ կանչում… Էն, որ մոլորված նըստած եմ մընում, Ո՞ւմ հետ եմ լինում… Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում, Էն ո՞ւմ եմ հիշում… Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստվա՛ծ Անո՜ւշ… Արբեցա՜ծ, անո՜ւժ Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ, Հալվեցա՜վ, հանգա՜վ… IX — Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի… Կանչում է մերը, հառաչում, կանչում։ |
— Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜… Ձորից աղջըկա ձենն է ղողանջում։ Ու մազերն անկարգ տըված թիկունքով Ու ցըրված շիկնած այտերի վըրան, Դուրս եկավ թեթև ամպերի տակից Անուշը՝ փախած եղնիկի նըման։ Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին, Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա, Թողել է էն էլ ջըրի եզերքին… Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա… — Նանի՛, վախեցի, գանգատվում է նա, Եվ ուզում է լալ, չի կարողանում. Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա, Կարծեցի՝ թուրքեր էին լողանում… Անիծում է ծեր մերը բարկացած Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին, Ու անեծք տալով իջնում է նա ցած՝ Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ X (Համբարձման առավոտը) Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով։ Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով։ — Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Սև սարեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ Երգ ու բույր խառնած, Թև-թևի բըռնած |
Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում, Ինչպես թիթեռներ։ Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Լավ օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ Եկավ Համբարձում՝ Ծաղկով զարդարված, Մեր բախտին հարցում. — Ո՞վ է մեզ գըրված։ — Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։ — Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։ Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին։ — Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի, Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։ Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Հուր սըրտեր, յա՛յլա։ Յա՛յլա ջան, յա՛յլա։ Թընդում են երգեր, խընդում են սըրտեր, Ու շուրջ բոլորած վիճակ են հանում. Ելնում է մեկին իր երազն ու սեր, Մյուսի մուրազը սըրտումն է մընում։ |
XI Պըտույտ է տալիս վիճակը նորից՝ Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր, Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից, Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր։ — Ա՛յ թուխ մազավոր աղջիկ, Ա՛յ սարի սովոր աղջիկ, Ջիգյարին գյուլլա դիպչի Ով որ քեզ սիրի, աղջիկ։ — Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ, Սևաբա՛խտ քուրիկ, նազելի Անուշ. Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր… Ու ողջ մընացին մոլորված, ապուշ։ — Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար, Լոկ պատահական մի չար խոսք է սա. Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, Քու խաղըդ խաղա՛, ջան գյուլում ասա։ — Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ. Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել… Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ. Մանուկ օրից են դեռ ինձ անիծել… Ասում են՝ մի օր, ես օրորոցում, Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի, Իր խաղն ասում է ու բաժին ուզում, Իմ նանը նըրան բաժին չի տալի. — Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից, Երեխաս ճաքեց, հեռացի՛ր, գընա՛… Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ, Թե՝ դըրա օրը լացով անց կենա… Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ Ու էս վիճակին տեղյակ է աստված. |
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ, Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված… — Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի՛ լինիր համառ. Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ, Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար, Ու լալիս ես դու էդպես սրրտաճա՜ք… Հանգի՛ստ կաց, քուրի՛կ, մի՛ վախիր էդքան, Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ, Էդ քո նորահաս մատաղ կուսության Առաջև դեռ կան երջանիկ օրեր։ Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար, Լոկ պատահական մի չար խոսք է սա, Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա։ (Խումբը երգում է) Աղջի, բախտավո՛ր, Երնե՜կ քու սերին, Քու սարի սովոր Սև-սև աչքերին։ Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Սեր-օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ Մեռնեմ գարունքիդ, Ծաղկած գարուն ես, Սարի պես մեջքիդ Կանգնած յար ունես։ Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Սար-յարեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ |
(Անուշը մենակ) Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ, Չեմ հասկանում՝ դեպի ուր… Դողում է պաղ նըրա ձենից Իմ սիրտը սև ու տըխուր։ Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք, Թաքուն մի ցավ ունիք լուռ, Աչիկներըդ լիքն է արցունք, Սիրտներըդ սև ու տըխուր։ Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում Տանջվում են միշտ էսպես զուր, Տըրորվում են ու թառամում՝ Սիրտները սև ու տըխուր։ (Խումբը հեռվից) Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Վառ ցավեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ ԵՐՐՈՐԴ ԵՐԳ XII Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք, Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի. Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝ Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։ Ու պարից հետո լեն հըրապարակ Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան, Զուռնաչին փըչեց կոխի եղանակ, Ահել ու ջահել իրարով անցան։ |
Հարա՜յ են տալի — «քաշի՜ հա, քաշի՜…» Ու դուրս քաշեցին զոռով երկուսին. Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին։ Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման, Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի, Ամեն մի բանակն ընտրեց փահլևան, Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։ Գոռում են, գոչում երկու բանակից․ — Սըրտապինդ կացեք, մի՛ վախեք, տըղե՛րք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։ Ու տաքանում են տըղերքը սաստիկ, Փեշերը հավաք խըրում են գոտին, Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ, Իրար են հասնում թափով մոլեգին… Ադաթ կա սակայն էն մութ ձորերում, Ու միշտ հընազանդ հընոց ադաթին, Ամբոխի առջև իգիթն իր օրում Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։ Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին Քաշում են, ընկնում խոզապարկուկի. Ընկնում են գետին, ելնում միասին, Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։ Իզուր է գոռում ամբոխը հարբած, Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ, Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած, Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր։ Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց, Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ. Աչքերի առջև մըլարը պատեց, Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։ Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի, Կատակի տալով թողած էր իրեն, Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի, |
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։ Ամբոխը թափվեց հարա-հըրոցով, Վեր թըռցրեց ջահել փահլևաններին, Եվ ուրախության աղմուկ-գոռոցով Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։ Ցընծության ձայնից, ծափերի զարկից Շարժվում են, ղոդղում պատեր ու օճորք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։ XIII Վեր կացավ Մոսին, իրեն կըտրատում, — Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից, Թե չէ նամարդը, արևս եմ երդվում, Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից։ Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբել է նա… Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…։ Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում, Թունալի ծաղրով կանչում են, գոռում. — Չե՛լավ, էդ չե՛լավ, Վեր չի գըցել դեռ, Մոսին թոլ էլավ— Խոզապարկուկ էր… Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք, Շատ էլ լավ կանի. Մեջքը թա՛փ տըվեք, Թող մին էլ բըռնի… Հա՛, հա՛, հա՛, տըղերք, Մեջքը թա՛փ տըվեք…։ XIV Եվ աղմկալի հարսանքի տանից Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր. |
Արյուն է կաթում սևակնած սըրտից, Գընում է ըշտապ, քայլերը մոլոր։ — Ամո՜թ քեզ, Մոսի՛, թո՛ւք ու նախատինք, — Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին, Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ, Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին։ Ի՜նչպես վեր ընկար դո՜ւ սարի նըման, Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած… Դո՜ւ… կուչ գաս տակին Սարոյի ծընկան, Նըրանից հետո երևաս կանա՜նց… Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին… Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին… Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր, Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր…։ XV — Վա՜յ, վա՜յ, Մո՛սի ջան, ինձ մի՛ ըսպանիր, Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան… Վախենում եմ ես… ղամեդ տեղը դիր… Սիրտըս դողում է տերևի նրման… Խնդրում էր լալով եղբոր առաջին Անզոր ու դալուկ իր քույրը չոքած. Մոսին՝ փայլկըտուն խանչալը ձեռին՝ Ուզում էր մորթել նըրան աչքը բաց։ — Դե իմ անունով երդվի՛ր, անըզգա՛մ, Որ էլ Սարոյին դու չես սիրելու, Թե չէ՝ տեսնո՞ւմ ես խանչալը հանած՝ Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու։ — Քու ոտի հողն եմ, Մո՛սի ջան, Մո՛սի, Դու քու եսիրին երդո՞ւմ ես տալիս… Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի, Տեսնո՞ւմ ես չոքած ի՜նչպես եմ լալիս… — Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՛կ, խաբեբա՛. Չե՞ս սիրում ասիր․ էն ի՞նչ է հապա, |
Էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում՝ Հեկեկում ես դու գիշերվա մըթնում. Էն ի՞նչ է հապա, որ դու երազում «Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում… — Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովըդ շուռ գամ, Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող էս անգամ․ Էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում, Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում… Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու… Քու քույրը չե՞մ ես… իմ Մոսին չե՞ս դու… XVI Ու էն հարսանքից թըշնամի դարձան Ախպեր տըղերքը էս դեպքի համար. Ընկեր, բարեկամ գընացին, եկան, Կըրկին հաշտության չեղավ մի հընար։ Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր, Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում, Իրեն հարազատ քըրոջը տեսներ Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում. Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝ Ուզում է ջահել քըրոջն ըսպանի, Սարոյի անունն ու սերը թաքուն Խանչալի ծերով սըրտիցը հանի։ Ո՜վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ, Մեկմեկու հոտից ոչխար են քըշել, Մեկմեկից վըրեժ առնելու համար։ Կարող է նույնպես պատահել հանկարծ, Որ մեկի դեզը, արդյունքը հընձի, Գիշերվա ժամին, հըրով բըռընկված, Երկնահաս բոցով աստղերը խանձի։ |
ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ XVII Ամպերը դանդաղ ուղտերի նման՝ Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում. Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան Նոր է արևը պըռունգը հանում։ Գյուղում աղմուկով իրար են անցնում, Կըտեր ծերերին կանայք հավաքված, Տըղերքը դեպի քարափն են վազում՝ Հըրացանների կիսերից բռնած։ XVIII Եկավ վիթխարի ծերունի մի մարդ, Կանգնեց վըրդովված տըղերանց միջին, Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ Էսպես նա պատմեց զոռ տալով չիբխին. ― Էս գիշեր, կեսը կըլներ գիշերվա, Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ. Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա, Ամեն մի բանից մընացել եմ խեղճ․․․ Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա, Շունը վեր կացավ էս կըռան վըրա. Հե՜յ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ. Շունը գազազեց, շունը վեր կալավ․․․ Հե՜յ գիդի, ասի ինքս իմ միջում, Ի՜նչ է մընացել առաջվան տըղից. Քընում էի վաղ մենակ արխաջում, Մի ձեն լըսելիս թըռչում տեղից․․․ Էն էի ասում, քնել չէի դեռ. Կըլիներ դառը գիշերվան կեսը, Երկու մարդկային սև կերպարանքներ Շան առջև փախած՝ ցած իջան դեսը․․․ |
Էս որ լըսեցին, դես ու դեն ցըրված Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան, Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված, Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան։ XIX Ամբողջ մի ամիս խումբը զինավառ Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝ Չոբան Սարոյին գըտնելու համար, Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց։ Մի ամսից հետո տըղերքն եկան տուն, Գովելով նըրա արարքը ճարպիկ. ― Հալալ է տըղին, ա՛յ իգիթություն, Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ։ Մենակ Անուշի ախպերը― Մոսին Մընաց հանդերում և երդում կերավ նա, Ուր էլ որ լինին՝ նըրանց միասին Գըտնի՝ կոտորի, սիրտը հովանա։ Մնաց հանդերում։ Եվ ահա մի օր, Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն, Շորերը պատռած, տըխուր գըլխակոր Անուշը ձորից եկավ հորանց տուն։ XX ― Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես, Մի գարիդ գըցի՛ր, տես ի՞նչ է ասում. Աչքըս խավարի, տեսիլք դառնամ ես,― Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում։ Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ, Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած, Լեզու էր առել ու խաղ էր կանչում, Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված․․․ Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս, |
Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել. Ողորմած աստված, քու դուռը բանաս, Քու ոտի հողն ենք― դու էս ըստեղծել․․․ Անբան գառները մութ ձորի միջին Խաղ էին կանչում ու ձենով լալիս, Սարոյի նանն էլ նըրանց առաջին Աղլուխ էր փռել ու պար էր գալիս․․․ ― Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել, Գարիս էլ, ահա, էնպես դուրս եկավ. Էս չարն, էս բարին․․․ Սարոն է էս էլ․․․ Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ․․․ Աստված խընայի ջահել-ջիվանին, Աստված խընայի իր անբախտ նանին․․․ XXI Ու ման է գալի սարերը ընկած Սարոն փաղցրած եղջերվի նըման, Օրհասն առաջին, գընդակն ետևից, Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման։ Եվ երբ երեկոն, հանդարտիկ ու լուռ Սարերից իջնում, խավարն է պատում, Նըրա բայաթին ողբում է տըխուր, Ընկեր սարերին խոսում, գանգատվում։ ― Բարձըր սարեր, ա՛յ սարեր, Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր, Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք, Իմ դարդերի թայ սարե՛ր։ Որս եմ՝ բութես ձեզ արած, Ձեր ձորերին, ձեզ արած, Կուզեմ կորչեմ անգյուման, Էս աշխարքից բեզարած։ |
Կորչեմ բեզար դատարկուն, Քար-սարեսար դատարկուն, Մեռնեմ պըրծնեմ էս օրից, Բալքի առնեմ դադար-քուն։ Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա Վա՜յ թե հանկարծ իմանա, Ես ազատվեմ էս ցավից, Աչքը լալով նա մընա։ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ XXII Լալիս է Անուշն երեսին ընկած, Կանգնած են շուրջը կանայք հարևան, Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված, Տարած, ետ բերած, անբախտ աղջըկան։ Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել, Իսկ խոժոռադեմ ալևոր հերը Սկսավ փըրփըրած թըքել, անիծել։ — Դո՛ւրս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ, Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ. Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ, Գետինը մըտնի երկար հասակըդ։ Տեսա՛ր, որ նըրան ատում Է Մոսին, Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ․ Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին, Որ վեր ես կենում փախչում նըրա հետ։ Խըռնված գյուղացիք կըտուրից իջան՝ Մեղմելու կոպիտ բարկությունը հոր, Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան, Մի պատկառելի հըսկա ալևոր։ — Դո՛ւրս գընացեք, դո՛ւրս, գոչեց տերտերը, |
Անուշը թողեք ուղիղն ինձ ասի, Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը, Նըրանից հետո բանը կըպարզի։ Մի՛ լար, իմ աղջի՛կ, ինձ խոտովանի՛ր, Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար․․․ Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր, Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ․․․ ― Ի՜նչ են հառաչում․․․ էն ո՞վ էր, մի տե՛ս, Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես․․․ Ո՞վ է ըսպանել․․․ Մոսի՞ն․․․ ո՞ւմ․․․ ո՞ւր․․․ ― Անո՜ւշ, հե՛յ Անո՜ւշ․․․ ջուր հասցրե՜ք, ջո՜ւր․․․ XXIII Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ, Երկընքի մըթնած ամպերից իջներ, Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց, Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ։ Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում, Թըռչում են, ասես ահից հալածված, Ու նըրանց առջև ահռելի բացվում, Թըշշում է ձորը արյունով լըցված։ Գյուղը դատարկվեց մի ակնթարթում, Քարափի գըլխին կանգնած անհամբեր, Լո՜ւռ, սըրտատրոփ ականջ են դընում, Նայում են ներքև․․․ ձեն չի գալիս դեռ. Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝ Խըլաձայն ողբում սողում դեպի ցած։ XXIV Ու մարդասպանը դուրս եկավ ձորից, Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր. Սարսափ է կաթում արնոտ աչքերից, Եվ կերպարանքը փոխված է բոլոր։ |
Առանց նայելու մարդկանց երեսին, Առանց խոսելու, սևակնած, դաժան, Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին Սև հըրացանը՝ սև օձի նըման։ Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված, Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում, Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝ Հարա՜յ է կանչում, երեսը պոկում։ Մեռած չոբանի պառավ նանն է նա՝ Ցավից խելագար բառաչում, լալիս. Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա, Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս։ XXV Սըգավոր կանայք նըրա ետևից Հարա՜յ կանչելով ձորը վազեցին, Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝ Դիակի շուրջը կարգով շարվեցին։ Իգիթին վայել սըրտառուչ ողբով Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված. Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր, Մընացին մոտիկ քարերին նըստած։ Ողբացին անշունչ դիակի վըրա՝ Անտեր մընացած ոչխարի մասին, Անսիրտ անեծքով հիշեցին նըրա Անճար մընացած խեղճ յարի մասին. Եվ նըրա մասին, որ ընկերները Հանդը գընալիս Սարո կըկանչեն, Որ սարից փախած սոված շըները Կըտերը պիտի ոռնան, կըլանչեն։ Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած, Օճորքում դըրած պիտի մըրոտի, Երկար խանչալը, պատիցը կախած, Պատենում մընա ու ժանգը պատի․․․ Որ հով սարերի սովորած նանը |
Էլ սար չի գնալ առանց Սարոյի։ Սև շորեր հագած կընըստի տանը, Անցած օրերը միտը կըբերի։ Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն Կըտրատում էին սիրտը ծեր նանի, Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝ Մի անգամ խոսի, աչքը բաց անի։ ― Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում, Իմ օր ու արև, կյանք ու ջան՝ որդի, Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում, Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի․․․ Բայց չէին բացվում աչքերը փակված, Շուրթերը սառել չորացել էին. Նըրանց արանքից ատամները բաց՝ Սիպտակ շարքերով երևում էին։ Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց, Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում, Եվ լալիս էին ձեն ձենի տըված․․․ ― Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն, Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՜ն․․․ Արևս հանգավ, Սարո ջա՜ն, Գիշերս ընկավ, Սարո ջա՜ն․․․ Գիշերը իջավ, թանձրացավ մութը, Եվ նըվազեցին ձեները տըրտում, Հոգնեցի՜ն, հանգա՜ն․․․ Ծերուկ Դեբեդը Սըգում էր մենակ խավար անդընդում։ Սըգվոր գետը՝ Ծեր Դեբեդը, Սիրտը քըրքըրած, Ջուրը փըրփըրած, Քարոտ ափին, Լեռ քարափին, Դեռ ծեծում է, Հեծեծում է․․․ |
XXVI Եվ մի քանի ընկեր-տըղեք Ձորում, գետի եզերքին, Փոս փորեցին ու սըրտաբեկ Հողին տըվին հովվի դին։ Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով Բյուր խընկեցին դյուրեկան, Ծեր Դև-բեդն էլ ահեղ ձենով Երգեց վըսեմ շարական։ Ու տըղերքը տըխուր ու լուռ Վերադարձան դեպի տուն, Ձորում թողած մի սև բըլուր, Մի գերեզման անանուն։ ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ XXVII Գարունը եկավ, հավքերը եկան, Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան. Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր, Գետի եզերքին շըրջում էր մոլոր, Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս, Երգեր է ասում ու ման է գալիս։ ― Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս Էդպես մենակ ու մոլոր, Ի՜նչ ես լալիս ու ման գալիս Էս ձորերում անեմ օր։ Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝ Մայիս կըգա, մի քիչ կաց, Թե լալիս ես՝ յարդ ես ուզում, Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց․․․ Արտասվելով, լալով էդպես |
Ետ չես դարձնի էլ գերիդ, Ինչո՞ւ իզուր հանգցընում ես Ջահել կըրակն աչքերիդ։ Նըրա անբախտ շիրմի վըրա Պաղ ջուր ածա աղբյուրի, Դու էլ գընա նոր սեր արա, Էդպես է կարգն աշխարհի։ ― Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր, Աստված պահե քու յարին. Ճամփիդ վերջում կանգնած է դեռ Անուշ ծիծաղն աչքերին․․․ Ուրախ սըրտով դուք ձեր սերը Վայելեցեք անթառամ, Ինձ արցունք է տըվել տերը, Ես պիտի լամ, պիտի լամ․․․ Ու ման է գալիս Երգում ու լալիս։ Երգերը անկապ, երգերը տըխուր, Արցունքի նըման հոսում են իզուր. Բայց լալիս է նա ու երգեր ասում, Ու միշտ էն անմիտ տըրտունջն է խոսում, Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց, Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան, Սարերը մընացին որբ ու անչոբան, Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու, Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու․․․ ― Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ, Ե՛տ դառ, անիրա՛վ, Կարոտած յարիդ Աչքը ջուր դառավ։ Ոչխարդ էն սարով Շուռ տուր, տո՛ւն արի, Փախի՛ր գիշերով Ու թաքուն արի․․․ |
Ա՜խ էն կանանչ սարի լանջին Ո՞վ է քընած էն տըղեն, Վըրեն քաշած սև յափընջին. Կուռը հանած էն տըղեն․․․ Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ, Ծաղկի հոտով նա հարբել, Սարի լանջին, հովի միջին Մուշ-մո՜ւշ, անուշ մըրափել։ Վե՛ր կաց, վե՜ր, իգի՛թ, Վե՛ր կաց, անիրա՛վ, Ոչխարըդ բեր կիթ, Օրը ճաշ դառավ․․․ Արի՜, ջա՛ն, արի՜, Քու գալուն մեռնեմ, Թուխ չոբան, արի՜, Կարոտըս առնեմ։ Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով Ի՞նչ հարսնիք է դուրս գալի, Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով Ձի են խաղում, չափ տալի․․․ Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք, Էս ի՞նչ տեսիլք ես տեսա. Ո՞վ է տեսել էդպես հարսնիք― Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա․․․ Բերում են հըրեն, Ամա՜ն, մեր տան դեմ․․․ Վե՛ր դըրեք, վըրեն Հյուսերըս քանդեմ․․․ Ես է՜լ եմ գալիս, Էդ ու՞ր եք տանում․․․ Ինձ էլ թաղեցեք Իր գերեզմանում․․․ |
Ա՜խ, չէ՜, ամա՜ն, ասում են դա Մի դիակ է լո՜ւռ, հոտած, Արյունը չոր դեմքի վըրա. Աչքերն անթա՜րթ, սպիտակած։ Նա սիրուն էր, անուշահոտ, Աչքերը լի ծիծաղով, Նա գալիս է ցողոտ, շաղոտ, Հանաքներով ու խաղով․․․ Արի՜, ջա՛ն իգիթ, Արի՜, անիրա՛վ, Կարոտած յարիդ Աչքը ջուր դառավ։ Էլ մի՛ ուշացնի, Ես շատ եմ կացել․․․ Էլ մի՛ լացացնի, Ես շատ եմ լացել․․․ Տե՜ս, կըխռովե՜մ, Լաց կըլեմ ես է՜լ․․․ Չեմ խոսիլ քեզ հե՜տ․․․ Չեմ սիրիլ քեզ է՜լ․․․ XXVIII Անլըռելի վըշվըշում է Պըղտոր ջուրը Դեբեդի, Նըրա ափին կանաչում է Մենակ շիրիմն իգիթի։ Նըրա շուրջը հեգ սիրուհին Թընդացնում է ողբ ու լաց, Ձեն է տալիս իր Սարոյին Ու պըտըտվում մոլորված։ Ու հոսում է գիշեր-ցերեկ Արցունքն անբախտ աղջըկա, Բայց իր սիրած տըղան երբեք |
Չըկա՜, չըկա՜ ու չըկա․․․ Վըշվըշում է գետը― վո՜ւշ, վո՜ւշ, Ու հորձանք է տալիս հորդ, Ու կանչում է «Արի՜, Անո՛ւշ, Արի՜, տանեմ յարիդ մոտ․․․» ― Անու՜շ, ա՛յ աղջի՜, Անո՛ւշ, տո՜ւն արի․․․ Կանչում է մերը վերևից, կանչո՜ւմ. Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի, Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում։ Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․ Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ, Վո՜ւշ քու սիրած սարերին․․․ XXIX Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր, Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան. Բացվում են ոսկի երկընքի դըռներ, Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան, Ու աստվածային անհաս խորհըրդով Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։ Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝ Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից, Անմուրազ մեռած սիրահարների Աստղերը թըռած իրար են գալիս, Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։ |
Գիքորը
1
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։
— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։
Բայց Համբոն չլսեց:
Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։
Քույրը` Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի. «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գի-քո՜լ»։
Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի ետև։
Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։
— Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հ՛ա ,— որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։
Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։
— Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜,— ցույց տվավ Գիքորը մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։
Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։
Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։
Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության՛ վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։
Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ: Առավոտը բազարն իջան։
— Բիձա, էդ էրեխին ծառա ես տալո՞ւ,— խանութի ներսից հարցրեց մի վաճառական։
— Հրամանք ես,— ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։
— Բեր ինձ տուր, ես կբռնեմ,— առաջարկեց վաճառականը։
Նրան ասում էին բազազ Արտեմ։
2
Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը։ Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ, ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի։
Մի տարուց ետը բազազը նրան պետք է տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու էսպես Գիքորը պետք է բարձրանար։
— Հինգ տարի դեռ փող չեմ տալ,— ասավ բազազը պայմանը կապելիս։— Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի…
— Որտեղից գիտենա, խազեին ջան,— պատասխանեց Համբոն,–— որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի, ես էլ բերել եմ, որ բան սովորի…
— Կսովորի, ամեն բան կսովորի։ Էնպես սովորի ո՜ր… Զեր կողմերից էն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բաց արած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բան գողացավ…
— Չէ՜, խազեին ջան, սա գողանալ չի։ Որ էդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ, էն Քուռը կգցեմ։
— Հա՛, որ ձեռը հալալ է` մարդ կդառնա։
— Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա. լեզու սովորի, գրիլ-կարդալ սովորի, նստիլ-վերկենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա… Ւնքն էլ աչքաբաց էրեխա ա, մեր գեղական շկոլումն էլ գրաճանանչ ա էլել, գրի սևն ու սպիտակը ջոկում ա։ Ամա աղաչանքս էն ա, որ լավ մտիկ անեք, ղարիբ էրեխա ա, քորփա ա…
Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց, բարձր ձենով հրամայելով. «Չայ բերեք, հաց բերեք սրանց համար…»։
3
Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։
— Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ` ինչ տեսակ տղա ես դուրս գալի… Հենց պետք է անես, որ… ես ի՞նչ գիտեմ… ո՜վ տեր աստոծ… — մռնչաց Համբոն ու չիբուխը լցրեց:
Այնինչ Գիքորը չորս կողմն էր դիտում։
— Ապի, սրանք բուխարի չունե՞ն։
— Չէ, սրանցը փեչն ա, ա՛յ էն ա փեչը…
— Կալ էլ չունե՞ն։
— Սրանք քաղաքացի են, գեղացի հո չեն, որ կալ կասեն։
— Բա ո՞րտեղից են հաց ուտում։
— Փողով առնում են ուտում։ Հացն էլ են փողով առնում, եղն էլ, կաթն էլ, մածունն էլ, փետն էլ, ջուրն էլ…
— Վա՜…
— Բա՜, սրան Թիֆլիզ կասեն։ Դու հլա ղոչաղ կաց, դեռ շատ բան կիմանաս։
— Ապի, սրանք ժամ ունե՞ն…
— Ունեն բա՛ս, սրանք էլ մեզ նման հայ քրիստոնյա են։ Մտիկ արա հա՜— ձեռնաքաշություն չանես։ Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենաս ոչ։ Թե վերցնես էլ, տար ասա — «խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր. աղա՛, էս բանն էստեղ գտա», թե չէ…
— էստեղ էլ պրիստավ կա՞ որ…
— Կա բա՞ս… Վախտ ու անվախտ դեսդեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռուփուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չըլես, մրսես ոչ… Մի-մին եկողի հետ գիր ղարկի… –մերթ-մերթ չիբուխը բերանից հանելով որդուն խրատում էր Համբոն։ Այնինչ Գիքորը ննջում էր։
— Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդ ա… Օրեր են, կմթնեն անց կկենան…
Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը հորը թինկը տված քնել էր արդեն։
Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին։
Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները… էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը թինկը տված քնել։
Էս ժամանակ բազազն ու իր կինը վիճում էին ներսը: Կինը տրտնջում էր, որ ծառան խամ էր, նոր սարիցն եկած, վայրենի, իսկ մարդն ուրախ էր, որ մի քանի տարով անվարձ ծառա էր գտել։
— Կսովորի, հո էդպես չի մնալ,— ասում էր նա կնոջը։
— Կսովորի, որդի, սիրտդ շուռ մի՛ բերի,— խնդրում էր բազազի պառավ մայրը։
Բայց տիկին Նատոն չէր համոզվում։ Նա արտասվելով անիծում էր իր բախտը։
4
Գիքորը մենակ նստած էր բազազ Արտեմի խոհանոցում։ Նա արդեն ծառայության մեջ էր։
Խազեինի հին գլխարկը մինչև ականջները կոխած գլուխը, հին ոտնամանները ոտներին, մի մավի բլուզ էլ հագին, էսպես ոտից գլուխ փոխված, նա նստած էր խոհանոցում ու միտք էր անում, թե ընչի եկավ իրենց Գյուղից, որտեղ է ընկլել, հիմի ինչ պետք է անի…
Էս ժամանակ ներս մտավ տիկին Նատոն։
Գիքորը տեղը նստած էր։
Տիկինը մի բան ասավ։ Գիքորը լավ լսեց թե չհասչկացավ։
— Քե՞զ չեմ ասում, տո արջի քոթոթ։
Գիքորը շփոթվեց, քրտնեց. մին ուզեց հարցնի, թե ինչ է ասում, մին էլ սիրտ չարավ։ Աղջիկ պարոնը բարկացած դուրս գնաց։
— Ը՜հ, հողեմ ձեր գլուխը, որ վայրենի եք ու գալիս եք մարդի գլխի խաթա դառնում… Ես բան եմ ասում, սա տեղիցն էլ ժաժ չի գալի, ձեն էլ չի հանում…
— Վերջացավ,— անցավ Գիքորի մտքովը։— Բայց ի՜նչ շուտ վերջացավ… ի՛նչ վատ վերջացավ… Հիմի ես ի՞նչ անեմ… հերս էլ գնաց…
Եվ ամեն բան նա վերջացած էր համարում, երբ իրեն-իրեն խոսելով ներս մտավ սև շորերով բարի պառավը բազազի մերը։
— Որ աղջիկ պարոնը ներս է գալի, տեղիցդ ընչի՞ չես կանգնում, որդի,— խրատում էր նա Գիքորին,— որ բան են հարցնում, ձեն հանի… ո՞նց կըլի էդպես…
Պառավին դեդի էին ասում։
Դեդին սովորեցնում էր Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա…
Բացի պառավ դեդին, ամենքը նեղացնում էին նրան։
Բազազի «դուքանի աշկերտներն» էլ շարունակ ծաղրում էին նրան, «քիքի» էին կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։
Բայց էս բոլորը տանելի բաներ էին։
Անտանելին էն էր, որ նա չէր կարողանում քաղցին դիմանա։ Իրենց տանը, երբ սովում էր, գնում էր տաշտիցը հաց էր առնում, կճուճիցը պանիր էր հանում, ուտելով գնում խաղալու, կամ թե չէ՝ փեշն էր դնում, գնում հանդը։ Երբ ուզում էր՝ մի ծառի տակի կամ աղբրի վրա նստում էր ուտում։
Հիմի էստեղ ուրիշ տեսակ էր։ Ինչքան էլ սոված լիներ՝ պետք է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար, էն էլ ամենքն ուտեին, հետո ինքը։ Էդ անիծած ժամանակն էլ էնքան ուշ էր գալի, որ խեղճի սիրտը քամ էր ընկնում, թրթռում։
Մին, երկու, տասը համբերելուց ետը նա սկսեց չորս կողմն աչք ածել խոհանոցում, թե արդյոք մի բան չի գտնիլ ուտելու, որ սիրտր կանգնեցնի, մինչև ճաշի ժամանակը գա։
Սկզբում ինչ գտնում էր — չոր հացի փշրանք, կրծած ոսկոր թե ուրիշ բան, գցում էր բերանր։ Մի քիչ հետո մտածեց խոհանոցի պահարանները որոնել։ Ապա թե սովորեց կերակուրի պղնձից կիսեփ մսի կտոր դուրս քաշել…
Բայց եթե նկատեի՜ն…
Ինչ վատ բան դուրս կգա՜ր…
Եթե նկատեի՜ն…
Հապա ի՞նչ անես…
Թողնե՞ս, փախչե՞ս…
Եվ Գիքորն սկսեց մտածել փախչելու մասին։
Բայց ո՞նց փախչես, ո՞ր կողմը փախչես. մենա՛կ, ճամփա չգիտես, մարդ չես ճանաչում… իսկ հերը…
Էնքան չարչարվեց, խոսեց, խրատեց՝ «Օրեր են, որդի, կմթնեն, անց կկենան…»
Եվ ահա Գիքորի գլխում հնչում է հոր խանձված ձենը. — «Օրեր են, կմթնեն, անց կկենա՜ն… անց կկենա՜ն…»։
5
Զանգը տվին։
Գիքորը վեր թռավ։ Ասել էին, թե երբ զանգը տալիս են, գնա տեսնի՝ ով է, ինչ է ուզում։ Նա դուրս եկավ, պատշգամբից նայեց, տեսավ` մի պարոն ու մի քանի տիկին դռան առաջ կանգնած։
— Էդ ո՞վ եք, հե՛յ,— ձայն տվավ վերևից։
Ներքևից վերև նայեցին։
Տիկինները ծիծաղեցին, իսկ պարոնը, ակնոցներն ուղղելով, հարցրեց։
— Աղջիկ պարոնը տա՞նն է։
— Ի՞նչ եք անում,— հարցրեց Գիքորը։
Ներքև ծիծաղն ավելի սաստկացավ։
— Քեզ հարցնում են՝ տա՞նն է, թե չէ,— բարկացավ պարոնը։
— Բան ունե՞ք։
Էս աղմուկի վրա տիկինը դուրս եկավ։
— Քրքրվես դու, գնա դուռը բաց արա, շո՛ւտ,— ճչաց ու սկսեց անիծել Գիքորին և իր ամուսնուն։ Բայց շուտով հյուրերն երևացին, և նա ժպտալով դիմավորեց։
— Ա՜ բարև, բարև… էս ո՞ր խաչիցն էր, ի՞նչպես է որ մտաբերեցիք…
— Էս ո՞րտեղից եք գտել,— ոտից գլուխը Գիքորին չափելով հարցրեց պարոնը, իսկ տիկինները շարունակ ծիծաղում էին։
— Ի՞նչ եք նախանձում, կուզեք ձեզ տանք,— կատակի տվավ տիկինն, ու հյուրերը խնդալով ներս մտան։
Գիքորին շտապով մի տեղ ուղարկեց ու նրանց ետևից իսկույն ներս մտավ և տիկին Նատոն։
Իրար առողջություն հարցնելուց ետը հյուրերն սկսեցին պատմել իրենց ներս մտնելու պատմությունը, և դուրս եկավ մի ահագին պատմություն։
— Օ՜ֆ, սիրտս մաշել է,— գանգատվում էր տիկին Նատոն.— թե իմանաք՝ ինչ եմ քաշում ես դրա ձեռիցը։ Ասում եմ դուրս անենք կորչի, բայց դե Արտեմի բնավորությունը գիտեք էլի, ասում է՝ մեղք է, գեղացի երեխա է, թող կենա, մի կտոր հաց է, ուտի, կսովորի… Ախր էլ ե՞րբ… սիրտս մաշեց…
— Օ՛հ, օ՛հ, օ՛հ, էդ ծառաների բանն էլ մի՛ ասի, — էս ու էն կողմից սկսեցին բողոքել տիկին հյուրերը։
Մի կես ժամ խոսեցին դեսիցդենից, ծառաներից, քաղաքի նորություններից։ Հենց էդ խոսակցության ժամանակ ներս մտավ քրտնած Գիքորը։
— Աղջիկ պարոն, միրգը բերի:
— Հա, լավ, գնա՛,— հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հյուրերն սկսեցին ծիծաղել։
— Աղջիկ պարոն, խազեինն ասում էր բալը թանգ ա, հարկավոր չի…
Էս խոսքերի վրա հյուրերից ոմանք պոռթկացին ու թաշկինակով բերաններին հուպ տվին, ոմանք էլ տանտիկնռջ խայտառակությունը ծածկելու համար վկայեցին, թե իրավ բալը շատ թանկ է, էս ժամանակին ով է բալն առնում։ Ապա սկսեցին հանդիմանել, թե ի՞նչ հարկավոր է միրգը, հո ուտելու համար չեն եկել, ի՞նչ են նեղություն քաշում…
Տանտիկինը, մինչև ականջակոթերը կարմրած, աշխատում էր մի կերպ եղածն ուղղի։
— Ով գիտի ինչ է ասել, չի հասկացել էս հիմարը։
— Ով սուտ ասի՝ գետինը մտնի,— երդվեց Գիքորը, ու ամեն բան լրացավ։
6
Հյուրերին ճամփու դնելուց ետը տիկին Նատոն բարկացած, բարձր-բարձր խոսելով վեր էր քաղում մրգի սեղանը։ Նա հայհոյում էր Գիքորին, մեկ-մեկ թվում էր, թե ինչեր է անում նա, անիծում էր իր բախտը, իր ամուսնուն։
— Քա՛, խամ է, որդի, կսովորի, որդի… ինչի ես սիրտդ շուռ բերում… Ախ աստոծ, ի՞նչի չես հոգիս առնում,— հառաչում էր պառավ դեդին։
— Երանի մի իմանամ՝ մարդու սրտի էս նեղացած ժամանակը դու ինչ ես խոսում… Խամ է, դե գնացեք դուք շինեցեք, ես հո ձեր գերին չեմ,— ձենն ավելի բարձրացնելով պատասխանեց պառավին հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անեծքր մինչև ամուսինը տուն գար։
Ամուսնու ոտնաձայնը որ լսեց՝ սկսեց արտասվել, ավելի բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ։
— Ասում եմ՝ դուրս արա կորչի. ես ծառայի բանն էլ կանեմ. թե խնայում ես՝ փող տաս, կարգին ծառա բռնես… Լավ է մարդ ծառայի տեղ էլ քաշ գա, քան թե ամեն օր էսենց սիրտը շուռ բերի… Իմ թշնամին հո չե՞ս…
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց բազազը տան մեջտեղը կանգնելով։
— Ի՞նչ պետք է պատահի. էս էր մնացել, որ խալխի մոտ էլ մարդ գետինը մտնի, էս էլ արիր. էլ ի՞նչ պատահի,— վրա թռավ տիկինը ու պատմեց բալի պատմությունը։
— Վա՜հ,— բաց ականչեց բազազը։
— Ա՛խ աստո՛ծ,— հառաչում էր բարի պառավը, դես ու դեն ընկնելով։
Բազազը Գիքորին ձեն տվեց։ Թմփթըմփացնելով Գիքորը ներս ընկավ։
— Մոտիկ արի,— կանչեց բազազը։
Գիքորը վախեց նրա գույնից, մնաց տեղը կանգնած։
— Քեզ ասում եմ` մոտիկ արի…
Գիքորն էս անգամ շարժվեց, բայց դարձյալ մնաց տեղը կանգնած։
— Տո՛, արջի քոթոթ, ես քեզ ասում եմ` աղջիկ պարոնին ասա, դու գալիս ես ղոնաղներին ասում, թե բալը թանգ է՞ր…
— Ես… ես… աղջիկ պարոնին…— ուզում էր արդարանա Գիքորը, բայց խոսքը բերանում՝ ապտակը հասավ, աչքերը կայծակին տվին, գլուխը դիպավ կողքի պատովն ու վեր ընկավ։ Հենց ընկած տեղն սկսեց բազազը ոտքել, անդադար կրկնելով—«բալը թանգ էր, հը՞… բալը թանգ էր, հը՞…»։
Պառավ դեդին դողդողալով մեջ ընկավ, աշխատում էր ետ քաշի կատաղած որդուն, աղջիկ պարոնն էլ եկավ, երեխաներն էլ սկսեցին ճչալ, բազազը ետ կանգնեց հևալով ու կրկնելով — «բալը թանգ էր, հը՞»,— աչքերը միշտ չռած անկյունում կծկված Գիքորի վրա, որ դողալով ու ցավագին մըրմընջում էր.
— Վա՜յ, նանի ջան, վա՜յ… վա՜յ, նանի ջան, վա՜յ…
7
Տեսան տանը չի կարողանում ծառայի՝ խանութ տարան Գիքորին։ Էնտեղ ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը մուշտարի կանչեր։
Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը։ Կերակրամանը ձեռքին, մաշված ու անգույն, մեծ-մեծ ոտնամանները քաշ տալով անց է կենում կամուրջով, նայեց ներքև: Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուոը, ոլորվում, պտտվում ու ճնշվելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակին։
Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ: Երկու հոգի կային նրա մեջ. մինը ուռկան էր ձգում, մյուսը նավն էր կառավարում։
— Ա՛յ հիմի կհանի,— ասավ Գիքորն ու կանգնած նայում էր ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս եկավ։
— Էս մինն իմ բախտից,— ասավ Գիքորն ուռկանը ձգելիս։ Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ։
— Էս մինն էլ մեր Զաննի բախտիցը։ Էս էլ դատարկ դուրս եկավ։
— Էս մինն էլ Գալոյի բախտիցը։— Գալոն էլ էր անբախտ։
— Էս մինն էլ բաս…
Բայց էդ ժամանակ մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով։
Ա՛յ արի, արի, մեյմուն,
Ճիպոտդ սարի, մեյմուն,
Պառավի պես կուզի-կուզ,
Ջահելի պես պարի, մեյմուն։
Ժողովուրդը հավաքվել էր գլխին ու վազում էին չորս կողմից: Գիքորն էլ վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը ձգեց, պճեղների վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը։
— Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին,— ասավ մի կինտո ու զարկեց գլխին։
Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։
8
Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում։ Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, դեռ նոր էր լռել աղջիկ պարոնի ձենը — շվշվացնելով ներս մտավ Վասոն՝ բազազի աշկերտը։ Գիքորին նկատելով նա իսկույն կանգ առավ ու, մասխարա դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեք.
— Կլուբումն ուշացա՞ր, տո արջի քոթոթ, թե գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր…
Գիքորը գլուխը չէր բարձրացնում։
— Ասա մի տեսնեմ է, տո՜… Գիքորը լուռ էր։
— Չե՞ս իմանում, տո՛. ո՞րտեղ էիր է՛, որ էսօր ինձ քաղցած սպանեցիր. որ մեռնեի հետո՞…
Էսպես խոսելով կամաց-կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին։ Գիքորը երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց դուրսը բարձրացավ խազեինի ձայնը։ Գալիս էր։
— Աբա տես հիմի քեզ ի՞նչ է անում,— սպառնաց Վասոն։
«Հիմի ինձ կսպանեն» անցավ Գիքորի մտքովը, ու խեղճի հոգին տապ արավ։
Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունր։
Վտանգն անցավ։
Գիքորը հանգստացավ, թեև լսում էր աղջիկ-պարոնի ձայնը, որ ճչում էր.— Ախր ընչի՞ ես պահում, դուրս արա կորչի էլի, դուրս արա կորչի…
9
Գիքորը կծկվեց վերմակի մեջ, գլուխը կոխեց տակը, տապ արավ։
«Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե տուն չունեմ, վա՜յ, տուն չունե՜մ…» իր երգը երգելով Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը. ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։
— Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում հա՜ , էդպե՜ս… — նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին։— Դե, առ, տեղի տակին թաքուն կեր, խազեինը չիմանա։
Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան վրա, էն օրերի վրա, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների վրա, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար… մերը լաց էր լինում, չէր ուզում…
— Ա՜խ, նանի ջան, ի՜նչ լավ էր սիրտդ իմացել,–հառաչում էր Գիքորը տեղի տակին ու հաց ու պանիրը ուտում, ականջը սրած, թե խազեինը հո չի գալի։
Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանը։
10
Խանութի դռանը կանգնած ձեն էր տալի Գիքորը, մուշտարի էր կանչում ու բարձր ձենով գովում իրենց ապրանքը։
— Կանչի է՛, տո՛ ինչ ես մնջվել, մնացել կանգնած։ Բերանումդ հո ջուր չկա՞։
— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք… — կանչում էր Գիքորը։
Ներսը ծիծաղից թուլանում էին։
Նրան սովորեցրել էին, որ մուշտարի քաշի դեպի իրենց խանութը։ Եվ նա հաճախ բռնում էր էս կամ էն անցորդի փեշից, կոպիտ ու համառ սկսում էր քաշել դեպի խանութը, ու բաց չէր թողնում, մինչև որ մարդը դուրս էր գալի համբերությունից։ Գալիս էր դարձյալ իր աեղը կանգնում ու կանչում։
Ամառվա տոթ օրերին, խանութի դռանը երկար կանգնելուց հոգնած, նա երբեմն նստած քնում էր խանութի առաջին դարսած չթերի վրա։
Էդ ժամանակ չարաճճի ընկերները կամ հարևանները բռնոթի էին բոնում նրա քթի տակը։
Նա փռշտալով վեր էր թռչում։
Շոգից թմրած վաճառականները զվարճանում էին։ Իսկ խազեինր կուշտ ծիծաղելուց հետո ձայն էր տալի.
— Քնում ե՞ս, տո, արջի քոթոթ, կանչի է՛ …
— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք,— ձեն էր տալի Գիքորը։
11
Մի օր էլ Գիքորը երբ մուշտարի էր կանչում`դիմացից երկու գյուղացի դուրս եկան։ Նա վազեց, փաթաթվեց գյուղացիներին։
— Ա՛յ տղա, իսկի ճանաչեցի ոչ, էս ի՛նչ բան էր,— զարմացած բացականչեց գյուղացիներից մինը ու դարձավ ընկերին.
— Բազո, դու կճանաչեի՞ր…
— Ես աչքերիցը կճանաչեի,— պարծեցավ րնկերը։ Ճշմարիտ որ Գիքորը շատ էր փոխվել շատ էր մաշվել։ Ւնքն էլ էր փոխվել, շորերն էլ։ Դժվար էր ճանաչելը։
— Ա՛յ տղա, էս կարգին մարդ ա դաոել… հալա սրա շորերին, սրա շնորհքին…— հիանում էին գյուղացիները։
— Համբոյի հողր մեր գլխին, տես, նա իր տղին ո՛րտեղ հասցրեց, մեր տղերքը էնտեղ խոզ են արածացնում…
Այնինչ Գիքորը իրար ետևից հարցնում էր.
— Իմ մերը ո՞նց ա… մեր էրեխեքը ո՞նց են… իմ հերն ընչի չեկավ… մեր կովր ծնել ա, թե չէ… մեր գեղումն ո՞վ ա մեռել…
— Ամենն էլ լավ են, շատ բարով կանեն,— պատասխանեցին գյուղացիք։— Էն ա Սուքնանց Ղուկասր մեռավ, մին էլ Պուճուրանց պառավր, մնացածը լավ են։
— Բա իմ հերն րնչի՞ չի գալի։
— Քու հերը լավ ուզում ա, ամա ո՞նց գա։ Ինքը մենակ մի մարդ ա, սաղ տան ջափեն վրեն…
— Բա բան չեն ղարգե՞լ…
— Ինչ ունեն, որ ինչ ղարգեն, դու ձեր տան բանը գիտես ո՞չ։ Էս տարի էլ հացը բարակ էր, խեղճ հերդ զոռով ծերը ծերին ա հասցնում։ Նրանցից ի՞նչ ես ուզում։ Թե ունիս, դու ղարգի. հրեն խարջ են ուզում — ձեռին գռոշ չունի։
— Հո մեր տանիցը օքմի չի՞ հիվանդացել։
— Չէ՛, էն ա ձեր Ծաղիկ կովը Միրզանց գոմի փլեկովը ներքև ընկավ, սատկեց։
— Ծաղիկը սատկե՞ց…
— Խեղճ մերդ էնքան լաց էլավ` աչքերն ուռան։
Էս ասելով, գյուղացիներից մեկը մի նամակ հանեց տվավ Գիքորին ու ասավ.
— Հիմի ի՞նչ ես ասում, մենք էլ քեզ տեսնիլ չենք, գնալու ենք. թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենք։
— Ո՞րտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանում… ամա…
— Ամա ի՞նչ…
— Ուզում եմ՝ ես էլ գամ ձեզ հետ։ Համ մեր գեղին, համ մերոնց կարոտել եմ, համ էլ…
— Վա՜յ, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես… էդ տեսակ բան կասե՞ն։ Էստեղ քեզ համար աղավարի ապրում ես — շորերդ թազա, ոտն ու ձեռդ իստակ… Մենք ասում ենք մեր էրեխանցն էլ տեղ անես՝ բերենք, դու էդ ի՞նչ ես ասում։ Էն որ ասել են՝ «խոզի գլուխը» գրին խալիչին, գլորվեց ետ ցեխն ընկավ», հալալ քեզ համար են ասել։
Էսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով ասին ու գնացին։
Նրանց գնալուց ետը Գիքորն իր անկյունը քաշվեց ու բաց արավ հոր նամակը:
«Իմ սիրելի որդի Գիքոր ջան:
Ի քաղաքն Թիֆլիզ:
«Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն: Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն: Մեր սիրելի որդի Գիքոր. ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա և խարջը սաստիկ ուզում են և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա: Գիքոր ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը։ Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են»:
Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք էր անում Գիքորը, դարդ էր անում իրանց տան համար։ Սիրտը էրում էին նամակի տողերը։
— Նանն ու Զանին տկլոր են… Տեղներս նեղ ա…
— Կանչի է՛, տո, ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց… — ձեն տվին ներսից։
— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք,— կանչում Էր Գիքորը խանութի դռանը կանգնած։
12
Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում էր քաղաքի վըրով։ Փողոցներում սուրում, սուլում, հոսան է անում։ Վզզալով մտնում Է անկյունները աղքատի ու տըկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։
Ահա գտավ Գիքորին։
Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած ձեն էր տալի նա.
— է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք…
— Հրե՜սսս… — չարախինդ սուլելով ցուրտը, աներևույթ թրի նման, զարկեց անցավ ոսկորները։ Գիքորը դողաց։
Առանց էն էլ նա շատ էր մաշված. էդքանն էլ հերիք էր նրան։ Ու անկողին ընկավ։
13
Հիվանդ պառկած էր Գիքորը բազազ Արտեմի խոհանոցում։ Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում, իրեն-իրեն խոսելով։
— Ի՞նչ կուզես, որդի՛, Գիքո՛ր։
— Ջո՜ւր…
Դեդին ջուր էր տալիս։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում։
— էս սիրտս հովացնում չի, դե՛դի… ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դե՛դի… ես մեր տունն եմ գնում… ես իմ նանին եմ ուզում…
Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել։ Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։
Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած։ Տխուր տնքում էին ու օճորքին նայում անզոր հայացքներով։
Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում։
Էստեղ գտավ նրան հայրը։
— Էդ ինչ ես էլել, Գիքոր ջան,— մղկտալով վրա ընկավ Համբոն։
Գիքորը տաքության մեջ չիմացավ հոր գալը։
— Գիքո՛ր ջան, բա եկել եմ, է՜, Գիքոր ջան… ես քու ապին եմ, է՛…
Հիվանդր ոչինչ չհասկացավ։ Նա զառանցում էր ու զառանցանքների մեջ կանչում էր — «Միկի՜չ, Զանի՜, ապի՜, նանի …»։
— Է՛ստեղ եմ, Գի՛քոր ջան, նանը ղարդել ա, որ քեզ տանեմ մեր տունը… գալիս չե՞ս… Միկիչն ու Ջանին հրեն կտերը կանգնած քեզ ճամփա են պահում։ Ի՞նչ ես ասում. դե խոսա է, Գիքոր ջան…
— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք, բացականչեց հիվանղը, զանազան անկապ, կցկտուր խոսքեր ասավ ու ծիծաղում էր տաքության մեջ։
14
Մի երկու օրից ետը Համբոն գնում էր իրենց գյուղը:
Նա թաղել էր Գիքորին ու գնում էր: Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն: Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան: Էն էլ երևի, քրոջ — Զանիի համար էր հավաքել ու պահել…
Գնում էր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ: Ահա էստեղ էր, որ նա ասավ.
— Ապի, ոտներս ցավում են…
Եվ ահա էն ծաոը, որի տակ նստեցին հանգստանալու… Ահա էնտեղ էր, որ ասավ.
— Ապի, ծարավ եմ…
Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին…
Ամենը, ամենը կան, մենակ նա չկա…
Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները հեռվո՜ւմ երևաց իրենց գյուղը։
Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր.
— Ալի՜, ալի՜, հե՜ Գիքոլ…
1895