ՀԱՅ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հարցը ծագել է Ռուսական կայսրության փլուզման և Հարավային Կովկասում (Անդրկովկասում) ազգային պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Նրա հիմքում ընկած էր ֆիզիկակական բնաջնջման մշտական վտանգից ազատվելու նպատակով ինքնորոշվելու և միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտումը։

1917 թվականի աշնանը՝ Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց և քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո, Անդրկովկասը փաստորեն հայտնվեց ռուսական պետության այլ տարածքներից կտրված վիճակում: Այդ պայմաններում Անդրկովկասում ողջ իշխանությունը ստանձնեց Անդրկովկասյան կոմիսարիատը1, որը 1918 թ. փետրվարի 10-ին (23-ին) գումարեց Անդրկովկասյան Սեյմը՝ խորհրդարան, որը կոչված էր սահմանել երկրամասի կառավարման կարգը և ձևավորել իշխանության մարմինները:

1918 թ. ապրիլի 9-ին Սեյմը Թուրքիայի ճնշման2 ներքո հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման մասին և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետությունը: Սակայն միացյալ դաշնությունը երկար չգոյատևեց․ անկախության առաջին իսկ օրերից հիմնական կուսակցությունների միջև ծագեցին սուր հակասություններ, որոնք հիմնականում վերաբերում էին թուրքերի ներխուժմանը3: Մահմեդական կուսակցությունների դիրքորոշումը թույլ չտվեց կազմակերպված հակահարված տալ թուրքական զորքերին, ինչը վերջնական արդյունքում կանխորոշեց դաշնության փլուզումը:

1918 թ. մայիսի 26-ին Սեյմը՝ «հաշվի առնելով, որ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը ստեղծած ժողովուրդների միջև պատերազմի և խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ», փաստեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումը և վայր դրեց իր լիազորությունները: Նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին հռչակվեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Սակայն նախքան Անդրկովկասյան Սեյմի փլուզումը ադրբեջանական կուսակցությունների ներկայացուցիչները գաղտնի պատվիրակություն ուղարկեցին Ստամբուլ՝ «երկրորդ թուրքական պետության» հռչակման հարցում աջակցություն ստանալու նպատակով երիտթուրքերի հետ բանակցելու համար: Երիտթուրքերի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին համագործակցության հետագա ծրագրերի մասին, մասնավորապես, թուրքական զինվորականների կողմից ապագա Ադրբեջանի զինված ուժերի ստեղծմանն օժանդակելու, նրանց ֆինանսավորելու և տեղացի թյուրքական բնակչության կողմից թուրքական զորքերին աջակցելու վերաբերյալ4:

Արդեն 1918 թ. մայիսի վերջին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին մայրաքաղաք5 դարձած Գյանջա (Գանձակ) մտան թուրքական 5–րդ դիվիզիայի առաջապահ զորամասերը, իսկ մյուս օրը Թավրիզից այնտեղ տեղափոխվեց թուրքական գեներալ Նուրի Փաշան, ով անհապաղ ձեռնամուխ եղավ Կովկասյան իսլամական բանակի կազմավորմանը: Նրա կազմի մեջ մտան թուրքական բանակի Կովկասյան 5-րդ և Չանաքկալեի 15-րդ դիվիզիաները, ինչպես նաև այն ժամանակ արդեն Ադրբեջանական վերանվանված նախկին ցարական բանակի Մահմեդական կորպուսի զորամասերը6: Նուրի Փաշայի հրամանատարությամբ Կովկասյան իսլամական բանակը ձեռնամուխ եղավ ադրբեջանական իշխանության հաստատմանն այն վայրերում, որոնց հավակնում էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Նախկինում երբեք պետականություն չունեցած Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց ոչ միայն կոմպակտ բնակվող մահմեդական բնակչություն ունեցող տարածքների, այլև բացառապես հայերով բնակեցված շրջանների նկատմամբ: Դրանց մեջ Արցախը (Ղարաբաղը) հատուկ նշանակություն ուներ, քանի որ տարածաշրջանում ռազմավարական դիրք էր զբաղեցնում և «կախված նրանից, թե ով էր այն վերահսկում, Լեռնային Ղարաբաղը կարող էր դառնալ կա՛մ միջանցք, կա՛մ պատնեշ՝ Արևելյան Անդրկովկասի մահմեդականների և Թուրքիայի  միջև»7:

Այնինչ մինչև 1918 թ. Հարավային Կովկասում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանմամբ քաղաքական և վարչական միավոր: Նորաստեղծ հանրապետությունն իր անվանումն իսկ փոխառել է Արաքս գետի աջ ափին գտնվող համանուն իրանական նահանգից:

Այն պայմաններում, երբ Հայաստանին պարտադրվեց Բաթումի պայմանագիրը, որը Օսմանյան կայսրությունից կախյալ վիճակի մեջ դրեց նրան, Լեռնային Ղարաբաղը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: 1918 թ. հուլիսի 22-ին գումարվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը Ղարաբաղը հռչակեց ինքնուրույն վարչական ու քաղաքական միավոր և կազմեց կառավարություն: 1918 թ. հուլիսի 24-ին ընդունվեց կառավարության Հռչակագիրը, որտեղ ներկայացվում էին նոր կազմավորված պետական իշխանության նպատակներն ու խնդիրները: Հռչակագրում ընդգծվում էր բարեկամական վերաբերմունքն այլ ժողովուրդների դեմոկրատական ուժերի նկատմամբ և հռչակվում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես Ղարաբաղի կառավարության գործունեության մեկնակետ8: Բնակչությանն արտաքին վտանգից պաշտպանելու համար ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր:

1918 թ. սեպտեմբերի 15-ին Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի գրավումից անմիջապես հետո, որին հետևեց հայկական բնակչության կոտորածը, ադրբեջանական կառավարությունը թուրքական զորքերի օգնությամբ փորձեց իրեն ենթարկել Ղարաբաղը և ընդգրկել այն Ադրբեջանի կազմում: Այդ նպատակով թուրք գնդապետ Ջամիլ Ջավիդ Բեյի գլխավորությամբ թուրքական զորամասերից ձևավորվեց Ադրբեջանական առաջին դիվիզիան (Կովկասյան մահմեդական)9, որը սեպտեմբերի վերջին գրավեց Շուշին: Սակայն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խորքերը` Վարանդա և Խաչեն, դեպի Ջրաբերդ և Մարտակերտ տեղափոխելու թուրքական զորքերի փորձերը կասեցվեցին տեղի հայկական ինքնապաշտպանական ջոկատների կողմից և ավարտվեցին լիակատար ձախողմամբ10:

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո Օսմանյան կայսրությունը շուտով հարկադրված էր Մուդրոսյան հաշտության11 պայմանների համաձայն դուրս բերել իր զորքերը Հարավային Կովկասից: Նրանց տեղը զբաղեցրեցին բրիտանական զորքերը:

Սկզբնական շրջանում բրիտանական հրամանատարությունը՝ ի դեմս բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի, հրաժարվում էր ճանաչել ադրբեջանական կառավարությունը, որը, հրամանատարի կարծիքով, ստեղծվել էր օսմանյան խարդավանքների արդյունքում և չէր կարող հավակնել ներկայացնելու ժողովրդի կամքը12: Այնուամենայնիվ, ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, բրիտանական հրամանատարությունը 1919 թ. հունվարի 15-ին Զանգեզուրի և Ղարաբաղի բնակիչներին հայտնեց նախկին ռուսական Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր, Շուշի, Ջևանշիր, Ջեբրաիլ գավառներում ադրբեջանական կառավարության կողմից բժիշկ Սուլթանովին ժամանակավոր գեներալ-նահանգապետ նշանակելու մասին՝ նշելով, որ նա վայելում է բրիտանական հրամանատարության աջակցությունը13: Միաժամանակ բրիտանական ռազմական առաքելությունը պահանջեց ամբողջապես զինաթափել Ղարաբաղի հայ բնակչությունը:

Սակայն, քանզի Լեռնային Ղարաբաղի հայերը հրաժարվում էին ճանաչել Սուլթանովին, նրա իշխանությունը փաստացի տարածվում էր միայն մահմեդական բնակչության վրա, մինչդեռ հայերը շարունակում էին կառավարվել իրենց Ազգային խորհրդի կողմից:

1918 թ. փետրվարի 19-ին Ղարաբաղի հայերի IV համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էին Վարանդայի, Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի և Շուշիի ներկայացուցիչները, հեռագրեր հղեց Ադրբեջանի կառավարությանը, դաշնակիցների ներկայացուցիչ գեներալ Թոմսոնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական ներկայացուցիչներին: Հեռագրում ասվում էր, որ համագումարն իր վճռական բողոքն է հայտնում Սուլթանովի նշանակման և հայկական Ղարաբաղն իրեն ենթարկելու Ադրբեջանի կառավարության մտադրության դեմ. «Հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման տեսակետի վրա՝ Ղարաբաղի հայ բնակչությունը հարգանքով է վերաբերվում հարևան ժողովրդի ինքնորոշման իրավունքին, միաժամանակ վճռական բողոքն է հայտնում հայկական Ղարաբաղի հարցում այդ սկզբունքը ոտնահարելու ադրբեջանական կառավարության փորձերի դեմ. հայկական Ղարաբաղը երբեք չի ճանաչել և չի ճանաչելու Ադրբեջանի իշխանությունն իր նկատմամբ»14:

Միաժամանակ, հայկական Ղարաբաղի համար համագումարը մշակեց Ժամանակավոր կանոնադրության նախագիծ, «որը մինչ Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշումը նրա համար սահմանում էր մարզային խորհուրդ՝ Շուշիում նստավայրով, որը կազմված էր 7 հայերից և 3 մահմեդականներից՝ բնակչության թվի համամասնությամբ»15: Հատուկ համաձայնությամբ խորհրդի կազմում կարող էր ընդգրկվել մեկական ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից: Ժամանակավոր կանոնադրության նախագիծը նախատեսում էր Շուշիում գտնվող Բրիտանական առաքելության ղեկավարի իրավունքը իրականացնելու վերահսկողություն խորհրդի աշխատանքի նկատմամբ:

Այս նախագիծը ներկայացնում էր զիջումների առավելագույն չափը, որոնք համագումարը կարող էր անել բրիտանական հրամանատարությանը։ Վերջինս, այնուամենայնիվ, մերժեց ղարաբաղյան կողմի առաջարկը և շարունակում էր պնդել ադրբեջանական գեներալ-նահանգապետության սկզբունքի վրա, թեպետ Խաղաղության կոնֆերանսի ապագա որոշման մասին վերապահումով:

Հարցի լուծումն արագացնելու նպատակով Ադրբեջանը կրկին դիմում է ուժի: Բրիտանական հրամանատարության թողտվությամբ ադրբեջանական զորքերը մտնում են զինաթափված Ղարաբաղ և 1919 թ. հունիսի սկզբներին կոտորած իրականացնում երկրամասի մայրաքաղաք Շուշիում և հարակից գյուղերում16:

Նման պայմաններում հետագա արյունահեղության վտանգի17 և անգլիացիների ճնշման ներքո 1919 թ. օգոստոսի 22-ին գումարված Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը հարկադրված էր համաձայնվել ժամանակավոր՝ մինչև խաղաղության կոնֆերանսի որոշումը, համարել իրեն Ադրբեջանի կազմում: Դրա դիմաց երաշխավորվում էին՝ ինքնակառավարում, զինաթափման դադարեցում, խաղաղ ժամանակաշրջանում զորքի ներկայություն և Հայկական խորհրդի կողմից զորքերի տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն18:

Այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, իր առջև դրված խնդիրն իրականացրած համարելով, բրիտանական կայազորն օգոստոսի 22-ին լքում է Ղարաբաղը: Սակայն Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում իր պարտավորությունները՝ ռազմական և պատժիչ գործողությունները շարունակվեցին ավելի մեծ չափերով: 1920 թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի կառավարությունը վերջնագրի ձևով Ղարաբաղի Ազգային խորհրդին առաջարկում է վերանայել Ժամանակավոր համաձայնությունը, չկապել նրա գործողության ժամկետը խաղաղության կոնֆերանսի հետ և քննարկման դնել «Ղարաբաղի վերջնական միացման հարցն Ադրբեջանին՝ որպես վերջինիս անքակտելի տնտեսական մաս»:

Ադրբեջանի կառավարության և բանակի այս գործողությունները հարուցում են 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը գումարված Ղարաբաղի հայերի VIII Համագումարի դժգոհությունը, որը զգուշացնում է, որ «նմանատիպ գործողությունների կրկնության դեպքում Ղարաբաղի հայերը ստիպված կլինեն դիմել համապատասխան միջոցների իրենց կյանքն և պատիվը պաշտպանելու համար»19:

Այնուամենայնիվ, համագումարի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակեցին ռազմական պատրաստությունները: 1920 թ. գարնանը Ղարաբաղ և Զանգեզուր են հասնում լրացուցիչ ադրբեջանական զորքեր՝ 5000 մարդ թվաքանակով, 6 դաշտային և 8 լեռնային թնդանոթներով20:

Ակնկալվող ադրբեջանական ներխուժման պայմաններում Ղարաբաղում զինված ապստամբություն է բռնկվում: Այն ճնշելու և Ղարաբաղը գրավելու նպատակով ներգրավվում են Ադրբեջանի տրամադրության տակ գտվող զորքերի կեսը և տեղացի քրդերից կազմված ոչ կանոնավոր ջոկատները21: 1920 թ. մարտին Շուշին երրորդ անգամ ենթարկվեց ջարդերի՝ այս անգամ ավելի անխնա կերպով: Ադրբեջանական զորքերն ու զինված կազմավորումները թալանեցին ու հրկիզեցին քաղաքի հայկական հատվածը՝ կազմակերպելով զանգվածային կոտորած և վտարելով հայ բնակչությանը: Ադրբեջանական ուժերը հրետանու կիրառմամբ գրավեցին ու ավերեցին Ասկերան ավանը, բազմաթիվ գյուղեր՝ հատկապես Ղարաբաղի հյուսիսում: Հայկական կառավարության պնդմամբ դաշնակիցները որոշում են հատուկ հանձնաժողով ուղարկել Ղարաբաղ, տեղում իրադարձություններին ծանոթանալու և արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչի մասին նրանք 1920 թ. ապրիլի 5-ին համատեղ նոտայով տեղեկացնում են Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին: Սակայն ադրբեջանական կառավարությունը հրաժարվում է ընդունել հանձնաժողովին:

Ապրիլի սկզբներին Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է պաշտպանությունից անցնել հարձակման և ոչ միայն վռնդել ադրբեջանական զորքերը, այլև ճեղքելով երեքամյա շրջափակումը՝ վերամիավորվել Զանգեզուրի հետ:

1920 թ. ապրիլի 23-29 կայացած Ղարաբաղի հայերի IX Համագումարը որոշում է կայացնում ժամանակավոր համաձայնությունը համարել խախտված՝ «հաշվի առնելով ադրբեջանական զորքերի կազմակերպված հարձակումը Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության վրա» և հայտարարում «Լեռնային Ղարաբաղի միավորման մասին Հայաստանի հետ՝ որպես նրա անքակտելի մաս»22:

Անհերքելի փաստերը միանշանակ ապացուցում են, որ 1918-1920 թթ. Ղարաբաղի բնակչությունը չէր ճանաչում ադրբեջանական պետության իշխանությունը: Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման ձգտումը և հայկական պետության սահմաններում վերամիավորվելու նրանց կամքը դրսևորվեցին անձնազոհ ազգային-ազատագրական պայքարում և իրավաբանորեն հաստատված են նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում:

Ադրբեջանի նկրտումները Ղարաբաղի նկատմամբ չեն ճանաչվել նաև միջազգային մակարդակով: Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն 1920 թ. դեկտեմբերի 1-ին իր երրորդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա մերժեց Ազգերի լիգա ընդունվելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ Ադրբեջանը չունի հստակ սահմանված պետական սահմաններ:

Ապրիլին Հարավային Կովկաս է մտնում Կարմիր բանակը, և սկսվում է ղարաբաղյան հարցի նոր փուլ: 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում սովետական իշխանության հաստատումից հետո Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը՝ հայտարարելով այն վիճելի տարածք23:

Հայաստանում սովետական իշխանության հռչակումից հետո24 Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի 30-ին հանդես եկավ «Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն» կոչով, որում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու մասին25:

1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն Նարիմանովի մասնակցությամբ միաձայն որոշեց. «Հայկական կառավարության հռչակագրում նշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Համաձայն այս որոշման՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որում վերջնականապես ձևակերպվում էր այդ տարածքների իրավաբանական պատկանելությունը Խորհրդային Հայաստանին: Լեռնային Ղարաբաղն իր հետ վերամիավորելու մասին Հայաստանի կառավարության դեկրետի տեքստը հրապարակվեց նաև Բաքվում («Бакинский рабочий», 1921 թ. հունիսի 22) և չհարուցեց որևէ բողոք:

Ադրբեջանի 1920 թ. նոյեմբերի 30-ի հռչակագիրը սկզբունքորեն կարևոր կետ է ղարաբաղյան հարցի զարգացման մեջ: Երկու սովետական հանրապետությունների միջև լիարժեք միջազգային համաձայնություն է կայացել՝ նրանց պատկան պետական մարմինների կողմից կամավոր պատրաստված հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսակետից տեղի է ունեցել կամավոր ցեսիա՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջան) կողմից վիճելի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մյուս պետության (տվյալ դեպքում՝ Հայաստան): Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն այսուհետ իրավաբանորեն մտնում են հայկական պետության տարածքի մեջ, իսկ բուն տարածքային վեճը սպառված է26:

Լեռնային Ղարաբաղի և այլ հայկական տարածքների նկատմամբ հավակնություններից Ադրբեջանի իրավաբանական հրաժարումը պաշտոնապես հաստատվել է ՌՍՖՍՀ կառավարության կողմից. «Հունիսին (1921 թ.) համաձայնագիր է կնքվում (Հայաստանի կողմից) Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ներառվում է Սովետական Հայաստանի կազմի մեջ», — նշված էր իշխանության բարձրագույն մարմնին՝ Սովետների XI Համագումարին ուղղված ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի 1920-1921 թթ. տարեկան հաշվետվության մեջ27:

Ղարաբաղի ընդգրկմամբ՝ Հայաստանի տարածքային կազմը հաստատված էր նաև Ազգերի լիգայի մի շարք պաշտոնական և ծառայողական փաստաթղթերում28:

Սակայն ադրբեջանական ղեկավարությունը Ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի աջակցությամբ կրկին բարձրացնում է Ղարաբաղի պատկանելության հարցը՝ Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանների որոշման շուրջ քննարկումների շրջանակներում:

1921 թ. հուլիսի 4-ին տեղի է ունենում ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը, որը կրկին որոշում է կայացնում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ներառելու մասին: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը որոշում է կայացնում. «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Սակայն Նարիման Նարիմանովի պնդմամբ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն համաձայնում է Ղարաբաղի հարցը վերջնական որոշման համար տեղափոխել ՌԿ(բ)Կ ԿԿ29:

Այնուհանդերձ, Ղարաբաղի հարցը չփոխանցվեց ՌԿ(բ)Կ ԿԿ դիտարկմանը: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի ևս մեկ նիստ, որին որպես ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ մասնակցում էր Իոսիֆ Ստալինը: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն չեղյալ է համարում նախորդ որոշումները և կայացնում հետևյալ որոշումը. «Ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին ու ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ»30:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: