Ազգայնականություն, նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։
«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։
Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։
Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։
Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։