Լուսինյաններ, արքայատուն Կիպրոսում 1192-1489 թվականներին։ Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները, որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում։
Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187 թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան Սալահ ալ–Դինի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293 թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։Կիլիկյան Հայաստան
1310 թվականին Ամորի Բ–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում։ 1342 թվականին Լևոն Ե-ն հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343 թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։
1344 թվականին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ, որը մոր հետ 1344 թվականին փախել է Կիպրոս։
1375 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը։