Միջազգային մարդասիրական իրավունք (պատերազմի իրավունք, զինված ընդհարումների իրավունք), ՄՄԻ, միջազգային իրավական նորմերի համախումբ, որոնք զինված ընդհարումների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին, և սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների կիրառումը:
ՄՄԻ-ն այն իրավունքն է, որը կարգավորում է պատերազմի ժամանակ գործող վարքականոնները կամ պատերազմի իրավունքը (jus in bello)։ Այն միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին և սահմանափակելով ու կարգավորելով կոմբատանտների համար հասանելի պատերազմի միջոցներն ու մեթոդները։ ՄՄԻ-ն ոգեշնչված է մարդասիրության նկատառումներով և մարդկային տառապանքի մեղմացմամբ։ «Այն ներառում է մի շարք կանոններ՝ ստեղծված պայմանագրի կամ սովորույթի հիման վրա, որոնց նպատակն է պաշտպանել անձանց և գույքը/օբյեկտները», որոնք վնասվում են կամ կարող են վնասվել զինված ընդհարման հետևանքով, և սահմանափակում է ընդհարման կողմերի իրավունքը օգտագործել պատերազմի մեթոդներ ու միջոցներ ըստ իրենց ընտրության։ Այն ներառում է․ «Ժնևյան կոնվենցիաները, Հաագայի կոնվենցիաները, ինչպես նաև հաջորդող պայմանագրերը, նախադեպային իրավունքը և միջազգային սովորութային իրավունքը»։ Այն սահմանում է հակամարտող ազգերի, չեզոք ազգերի և պատերազմի մեջ գտնվեղ անհատների վարքագիծն ու պատասխանատվությունը՝ միմյանց և պաշտպանված անձանց նկատմամբ՝ հիմնականում ոչ կոմբատանտների։ Այն մշակվել է մարդասիրական մտահոգությունների և ռազմական անհրաժեշտության միջև հավասարակշռությունը պահպանելու համար և ենթարկել է պատերազմը օրենքի գերակայությանը՝ սահմանափակելով դրա կործանարար ազդեցությունը և մեղմացնելով մարդկային տառապանքը[3]։
ՄՄԻ-ի լուրջ խախտումները կոչվում են պատերազմական հանցագործություններ։ ՄՄԻ-ն կարգավորում է ուժերի վարքագիծը, երբ նրանք պատերազմում են կամ ընդհարման մեջ են։
Կարմիր խաչի միջազգային կոմիտե
ԿԽՄԿ-ն միջազգային մարդասիրական իրավունքի ներքո հստակորեն նշանակված միակ վերահսկող ուժ հանդիսացող կառույցն է։ ԿԽՄԿ իրավական մանդատը բխում է 1949 թվականի Ժնևի 4 կոնվենցիաներից, ինչպես նաև իր անձնական Կանոնադրությունից։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների զոհերի կյանքն ու արժանապատվությունը և աջակցել նրանց: |
