
Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև: Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից:
Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։
Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից:
Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։
Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։
Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում: Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ:
Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։
Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է:
Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով:
Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։
Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։
Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։
Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։
Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։