Խոլերիկ, ֆլեգմատիկ, սանգվինիկ, մելանխոլիկ:
Խոլերիկ
Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող։ Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում։ Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ։ Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են։
Ֆլեգմատիկներ
Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։
Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է[2][3]։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։
Կարելի է ասել, որ ֆլեգմատիկները հանգիստ, ունեն կայուն ձգտումներ և քիչ թե շատ հաստատուն տրամադրություն, հոգեկան վիճակը թույլ է արտահայտված։ Ֆլեգմատիկն առանձնանում է ուժեղ, հավասարակշռված, իներտ տիպի նյարդային համակարգով։ Նրանք ունեն հուսալի հիշողություն, բարձր ինտելեկտ, իսկ նրանց որոշումները մտածված են, կշռադատված և զերծ են ռիսկայնություններից։
Սանգվինիկ
Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ։ Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են։ Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է։ Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում։
Մելանխոլիկ
Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ։ Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում։ Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները: Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ: