Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287—330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքիքրիստոնեական մյուս եկեղեցիներից :
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը: