Շատ հետաքրքիր պատմություններ կան մեր բնակավայրերի մասին Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Երևան
Ըստ ավանդության, երբ Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջ բոլորը: Ջուրը ետ էր քաշվել և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…» Նա նկատի ուներ ցամաքը: Պատմում են, որ հենց այդ բարձրադիր տարածքում հետագայում կառուցեցին քաղաք, որի անունն էլ դրեցին Երևան:
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։
Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:
Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:
Քանաքեռ
Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ: Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք: Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:
Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում` Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:
Առաջադրանք:
Շարունակիր նյութը` քո գյուղի, բնակավայրի կամ այլ բնակավայրերի մասին պատմություններ ներկայացնելով: