Բարոյականությունը մարդկային վարվելակերպի, վարվեցողության և դրանց առնչվող հասկացությունների համակարգ է, որն աշխարհիկ ընկալումով պետք է ընդունելի և գովելի համարվի հասարակության կողմից, իսկ կրոնական տեսակետով` պետք է հաստատված, ընդունելի ու գովելի համարվի Աստծո կողմից:
Քանի որ աշխարհիկ ընկալմամբ հասարակությունն է սահմանում բարոյականության նորմերը, ապա տարբեր հասարակությունների պարագայում բարոյականության հասկացություններն ու վարվելաձևերը կարող են արմատականորեն տարբերվել և նույնիսկ բոլորովին միմյանց հակառակ լինել: Այսպիսի հակադրություն ակնհայտ է արևմտյան և արևելյան հասարակությունների բարոյական ընկալումներում և հասկացություններում, ըստ այդմ էլ` արտաքին վարվելակերպի մեջ:
«Բարոյականություն» ասելով` մարդիկ հաճախ պատկերացնում են առավելաբար սեռական կյանքին առնչվող իրողությունները, և հասարակությունների տարբերություններով էլ կարող են հակադրվել արտաամուսնական և մինչամուսնական կյանքի ու ապրելակերպի մասին պատկերացումները: Արևմտյան հասարակություններում ավելի ազատ մոտեցում կա այս հարցին, մինչդեռ արևելյան հասարակություններն ավելի պահպանողական ու ավանդական են ընտանիքին վերաբերող հարցերում:

Կախված միջավայրից, ժամանակաշրջանից և մարդկային մտածելակերպի փոփոխությունից` երբեմն ոչ բարոյական ընկալված երևույթներն օրինականացվում են` դառնալով նոր ժամանակների համար բոլորովին ընդունելի ու բարոյական: Ուրեմն, բարոյականության սահմանումը լի է հարաբերականություններո՞վ:
«Բարոյականություն» հասկացությունը հարաբերական է դառնում, երբ զրկվում է կրոնական հիմքից: Բարոյականության նորմերը պետք է հաստատվեն բարոյական բարձր գաղափարներ և իդեալականություն ունեցող անձի, ատյանի կողմից, որպիսին իր կատարելության մեջ կարող է լինել միմիայն Աստված:
Երբ մարդն է իր տրամաբանությամբ բարոյականության չափանիշներ սահմանում, կրոնական-քրիստոնեական բարոյականության հետ համեմատած` ապաբարոյականացվում է, ընկնում նույնիսկ պղծության մեջ:
Արևմտյան զարգացած երկրների տարբեր օրենքներ, որոնք վերաբերում են բարոյական կյանքի կողմերին, հասնում են նույնիսկ անհեթեթության և պղծության` աստվածաշնչյան քրիստոնեական բարոյական սկզբունքների հետ համեմատությամբ ցույց տալով, թե իրական բարոյականության ինչպիսի գահավիժումներ են եղել արդի աշխարհում: