Design a site like this with WordPress.com
Get started

Ջուր, Ջրի աղտոտում

Ջուրն ամենաարժեքավոր բնական ռեսուրսն է: Այն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը, և ջրի առատության շնորհիվ է, որ մեր մոլորակը կոչվում է նաև <<կապույտ մոլորակ>>:

Ջուրն օգտագործվում է գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և կենցաղային տարբեր նպատակներով: Չնայած երկրագնդի վրա ջրի առատությանը, դրա մեծ մասը բաժին է ընկնում օվկիանոսներին ու ծովերին, և ջրի ընդհանուր քանակի միայն 1 %-ն է պիտանի խմելու համար: Հայաստանում ջրամատակարարման 95,5%-ն ապահովվում է ստորերկրյա աղբյուրների, իսկ մնացած մասը` մակերևութային ջրերի միջոցով: Ստորերկրյա աղբյուրների ջրի որակը հիմնականում համապատասխանում է խմելու ջրի նորմատիվային պահանջներին: Այսօր աշխարհի բնակչության համար ջրի աղտոտումը բավականին լուրջ խնդիր է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամեն տարի ջրի հետ կապված հիվանդությունների պատճառով մահանում է ավելի քան 3,4 մլն մարդ:

Ջրի աղտոտման ուղիները

Ջուրը կարող է աղտոտվել ոչ կենտրոնացված ջրամատակարարման աղբյուրների (ջրհոր, գետի ջուր, բաց ջրամբար) ոչ բավարար վարակազերծման պատճառով: Բաց ջրամբարների ջուրը կարող է աղտոտվել տնտեսա-կենցաղային և արդյունաբերական կոյուղու կազմակերպված արտահոսքերով, իսկ գյուղական վայրերում` նաև աղբանոցներից, բակային հորատիպ զուգարանների կեղտաջրերից, գոմերից և հավաբներից գոյացած անկազմակերպ արտահոսքերով: Աղտոտման պատճառներից կարող է լինել նաև բաց ջրամբարը որպես անասունների ջրելատեղ օգտագործելը: Բաց ջրամբարների և ստորերկրյա ջրերի, հատկապես գրունտային ջրերի աղտոտումը հնարավոր է նաև անձրևաջրերի և ձնհալի ջրերի միջոցով: Հողի մակերեսի աղտոտվածությունը կարող է հանգեցնել ստորգետնյա ջրերի աղտոտման, հատկապես` այն վայրերում, ուր բարձր է գրունտային ջրերի մակարդակը: Ջրի աղտոտման պատճառ կարող են դառնալ ջրի այն աղբյուրները, որոնք չունեն սանիտարական պաշտպանական գոտի և պատշաճ ձևով չեն շահագործվում: Կենտրոնացված ջրամատակարարման դեպքում ջրի աղտոտումը տեղի է ունենում ջրամատակարարման ցանցի ոչ ճիշտ շահագործման կամ ցանցում առաջացած պատահարների պատճառով, որոնց ժամանակ կոյուղաջրերը կամ միջավայրի աղտոտված ջրերը կարող են ներթափանցել խմելու ջրագծեր և առաջացնել տարբեր աղիքային հիվանդությունների խոշոր բռնկումներ: Աղտոտված ջրի միջոցով փոխանցվում են տարբեր վարակիչ հիվանդություններ, որոնցից հատկապես վտանգավոր են աղիքային հիվանդությունները (խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա և այլն): Ջրային ծագման հիվանդություններից են նաև լեպտոսպիրոզը, մալարիան, զանազան հելմինթոզները, ինչպես նաև սիբիրյան խոցը, տուլարեմիան, տուբերկուլոզը և այլն:

Բնական-օջախային հիվանդությունների տարածման մեջ մեծ դեր են խաղում կրծողները, որոնք ամռանը վխտում են բաց ջրամբարների ափերին: Մարդիկ, անտեղյակ լինելով ջրի հնարավոր աղտոտվածությունից, զովանում են ջրամբարներում և կարող են վտանգել իրենց առողջությունը: Աղիքային սուր վարակների հարուցիչները և դրանց տոքսինները (թույները) ախտահարում են մարդու ոչ միայն աղեստամոքսային, այլև կենտրոնական նյարդային համակարգը: Հիվանդի մոտ կարող է նկատվել բարձր ջերմություն, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի արագացում, լյարդի, փայծաղի և այլ ներքին օրգանների ախտահարում, ցավեր որովայնի շրջանում, փսխում, հաճախակի և ջրիկ կղանք: Հիվանդության առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես, անհապաղ հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և խուսափել ինքնաբուժումից:

Ջրով փոխանցվող հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ

 Պահպանել անձնական հիգիենայի կանոնները

 Խնամքով և հնարավորինս հաճախ օճառով լվանալ ձեռքերը, հատկապես` ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո

 Խմելու համար ծորակից ջուր վերցնել 10-15 րոպե հոսելուց հետո, քանի որ առաջին րոպեներին ջուրը կարող է աղտոտված լինել

 Հետևել սննդի պահպանման և պատրաստման կանոններին

 Սննդի պատրաստման և կենցաղային կարիքների բավարարման համար, օգտագործել ջրի ստուգված աղբյուրներից վերցված ջուրը

 Ջուր չխմել պատահական աղբյուրից

 Քաղաքից դուրս մեկնելիս` վերցնել ջրի բավարար պաշար

 Խուսափել աղտոտված ջրամբարներում լողալուց, փոխարենը` լողալ միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում

 Աղիքային հիվանդությունների բռնկումների ժամանակ, ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: