Արտավազդ Բ

Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: